ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ելույթը «Դիվանագիտությունը բոլորի համար՝ ընդլայնելով սահմանները, ներկայացվածությունն ու ազդեցությունը» խորագրով միջոցառմանը
03 հուլիսի, 2026Հուլիսի 3-ին տեղի է ունեցել Կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված «Դիվանագիտությունը բոլորի համար՝ ընդլայնելով սահմանները, ներկայացվածությունն ու ազդեցությունը» խորագրով միջոցառումը, որը կազմակերպվել է ՀՀ ԱԳ նախարարության և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի համատեղ ջանքերով:
Միջոցառման ընթացքում բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը:
Ստորև ներկայացվում է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ամբողջական ելույթը:
«Ձերդ գերազանցություննե՛ր,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնայք և պարոնա՛յք,
Ուրախ եմ ողջունել ձեզ այսօրվա միջոցառմանը, որը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի համագործակցությամբ՝ Կին դիվանագետների միջազգային օրվա առթիվ։
Այս տարվա միջոցառման խորագիրը՝ «Դիվանագիտությունը բոլորի համար՝ ընդլայնելով սահմանները, ներկայացվածությունն ու ազդեցությունը», շատ դիպուկ է բնութագրում այն փոփոխությունները, որոնց միջով այսօր անցնում է դիվանագիտությունը։
Եթե ոչ վաղ անցյալում դիվանագիտության առանցքում գերազանցապես քաղաքական, անվտանգային և տնտեսական հարցերն էին, ապա այսօր դրա օրակարգը ձևավորվում է նաև կլիմայի, կենսաբազմազանության, արհեստական բանականության, թվային տեխնոլոգիաների, հանրային առողջապահության, էներգետիկայի, գիտության, կրթության և բազմաթիվ այլ ոլորտների շուրջ։ Միջազգային հարաբերությունները դարձել են առավել փոխկապակցված, իսկ գլոբալ մարտահրավերները՝ էլ ավելի բարդ։
Այս իրողությունը փոխում է նաև դիվանագիտության բնույթը։ Ժամանակակից դիվանագիտությունն այլևս չի կարող հիմնվել միայն ավանդական գործիքների վրա։ Այն պահանջում է բազմոլորտ գիտելիք, տարբեր մասնագիտական փորձառությունների համադրում և լայն գործընկերություն։ Այսօր արտաքին քաղաքականությունը ձևավորվում է ոչ միայն պետական կառույցներում, այլև գիտական կենտրոններում, նորարարական ընկերություններում, միջազգային կազմակերպություններում, քաղաքացիական հասարակությունում և երիտասարդների համայնքներում։
Այս իմաստով «դիվանագիտությունը բոլորի համար» պարզապես գեղեցիկ կարգախոս չէ։ Այն ժամանակակից դիվանագիտության արդյունավետության կարևոր նախապայմանն է։
Դիվանագիտության այս վերափոխումը բնականաբար վերաիմաստավորում է նաև ներկայացվածության և առաջնորդության մասին մեր պատկերացումները։ Որքան բազմազան են արտաքին քաղաքականության ձևավորման գործընթացներում ներգրավված ձայներն ու փորձառությունները, այնքան ամբողջական և արդյունավետ են կայացվող որոշումները, հանրային վստահությունը և միջազգային համագործակցության արդյունքները։ Այդ պատճառով կանանց լիարժեք մասնակցությունը դիվանագիտությանն ու հանրային կառավարմանը վաղուց արդեն միայն հավասարության խնդիր չէ։ Այն դարձել է որակյալ որոշումների կայացման, կենսունակ ինստիտուտների և արդյունավետ դիվանագիտության կարևոր նախապայման։
Ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ վերջին տարիներին Հայաստանում հետևողական առաջընթաց է գրանցվել այս ուղղությամբ։ Աճել է կանանց ներկայացվածությունը Ազգային ժողովում, պետական կառավարման համակարգում և դիվանագիտական ծառայությունում։ Ավելի ու ավելի շատ կանայք են ղեկավարում պետական կառույցներ, մասնակցում միջազգային բանակցություններին, ներկայացնում Հայաստանը միջազգային կազմակերպություններում և արտերկրում՝ նշանակալի ներդրում ունենալով մեր երկրի արտաքին քաղաքականության ձևավորման և իրականացման գործում։
Միևնույն ժամանակ, Հայաստանը շարունակում է ակտիվորեն ընդլայնել իր միջազգային ներգրավվածությունը՝ ստանձնելով առաջնորդող դեր մի շարք բազմակողմ գործընթացներում։ Մեր արտաքին քաղաքականության օրակարգն այսօր ներառում է ոչ միայն խաղաղության և տարածաշրջանային կայունության ամրապնդումը, այլև փոխկապակցվածության զարգացումը, թվային փոխակերպումը, կենսաբազմազանության պահպանումը, նորարարության խթանումը և կայուն զարգացման նպատակների առաջմղումը։ Մենք առաջնորդվում ենք այն համոզմամբ, որ այս բոլոր ուղղություններում կայուն արդյունքների հնարավոր է հասնել միայն ներառական համագործակցության միջոցով։
Նշյալ զարգացումները համահունչ են նաև միջազգային այն քննարկումներին, որոնք վերջին տարիներին ծավալվում են ներառական և ֆեմինիստական արտաքին քաղաքականության շուրջ։ Թեև պետությունները որդեգրում են տարբեր մոդելներ, այդ քննարկումների առանցքում մեկ ընդհանուր գաղափար է՝ արտաքին քաղաքականությունն ավելի ներառական և հասարակությունների կարիքներին առավել արձագանքող դարձնելը։ Հայաստանը կիսում է այդ մոտեցման հիմքում ընկած արժեքները և միացել է նախորդ տարի Փարիզում և այս տարի Մադրիդում կայացած ֆեմինիստական արտաքին քաղաքականության նախարարական համաժողովների համատեղ քաղաքական հռչակագրերին՝ վերահաստատելով իր հանձնառությունը մարդու իրավունքներին, գենդերային հավասարությանը, ներառական կառավարմանը և արդյունավետ բազմակողմ համագործակցությանը։
Այս մոտեցումը գործնական արտահայտություն է ստանում նաև Հայաստանի բազմակողմ նախաձեռնություններում։ Նախորդ տարի ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանը մի խումբ երկրների հետ նախաձեռնեց նոր տեխնոլոգիաների և կանանց ու աղջիկների իրավունքների պաշտպանության, դրա շուրջ ՄԱԿ կառույցների և գործակալությունների առավել համակարգված աշխատանքին ուղղված քննարկումներ: Աշնանը՝ Մարդու իրավունքների խորհրդի 63-րդ նստաշրջանի շրջանակներում, Հայաստանը միջտարածաշրջանային գործընկերների հետ կներկայացնի «Թվային տեխնոլոգիաների համատեքստում կանանց և աղջիկների իրավունքների խթանման և պաշտպանության նպատակով միջազգային համագործակցության ամրապնդումը» խորագրով բանաձևի նախագիծը։ Նախաձեռնության նպատակն է ձևավորել մարդու իրավունքների վրա հիմնված, ներառական և գենդերազգայուն մոտեցումներ թվային փոխակերպման գործընթացներում՝ ապահովելով, որ կանայք և աղջիկները ոչ միայն պաշտպանված լինեն նոր տեխնոլոգիաներից բխող ռիսկերից, այլև լիարժեք մասնակցություն ունենան դրանց մշակման, զարգացման, կառավարման և կիրառման բոլոր փուլերում։
Այս մոտեցման բնական շարունակությունն արտացոլվում է նաև այս տարի Հայաստանի կողմից ստանձնվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախագահության առաջնահերթություններում: Ուրախ եմ նշել, որ COP17-ի կարևոր նախաձեռնություններից մեկը լինելու է Կանանց ֆորումը, որը կհամախմբի կին առաջնորդների, փորձագետների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ քննարկելու կանանց դերը կենսաբազմազանության պահպանման և կայուն զարգացման առաջմղման գործում։ Վստահ եմ, որ այս հարթակը նոր խթան կհանդիսանա փորձի փոխանակման, համագործակցության ամրապնդման և բնության պահպանության, ինչպես նաև ավանդական գիտելիքի փոխանցման ու համայնքների դիմակայունության ամրապնդման ոլորտներում կանանց կարևոր դերակատարման առավել լայն ճանաչման համար։
Հարգելի՛ գործընկերներ,
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, սահմանելով Կին դիվանագետների միջազգային օրը, ոչ միայն փորձել է արժևորել կանանց ներդրումը դիվանագիտության և միջազգային համագործակցության գործում, այլև կարևոր ուղերձ է հղել միջազգային հանրությանը՝ հիշեցնելով, որ ավելի խաղաղ, արդար և կայուն աշխարհ կառուցելու համար յուրաքանչյուր մարդ պետք է հնարավորություն ունենա իր ներդրումը բերելու այդ գործընթացներին։
Հաճախ ասում են, որ դիվանագիտությունը սեփական երկիրն աշխարհին ներկայացնելու և աշխարհը սեփական երկրին բացատրելու արվեստն է։ Այսօր այդ առաքելությունը ձեռք է բերել նոր բովանդակություն։ Այն ենթադրում է ոչ միայն պետությունների միջև երկխոսություն, այլև կարողություն՝ համախմբելու տարբեր գաղափարներ, փորձառություններ և մարդկանց՝ ընդհանուր լուծումներ գտնելու նպատակով։
Կարևորելով այսօրվա քննարկումները, որոնք հաստատապես կնպաստեն նոր գաղափարների ձևավորմանը՝ համոզված եմ, որ ժամանակն է համախմբել ջանքերը կանանց մասնակցության համար իրական հնարավորություններ ստեղծելու նպատակով։
Շնորհակալություն»:
Ծանոթագրություն. Կին դիվանագետների միջազգային օրը նշվում է ամեն տարի հունիսի 24-ին: Այն հաստատվել է 2022թ.՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում, միաձայն ընդունված բանաձևով: