ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի ելույթը «Մարդու իրավունքների իրականացման գործում համակարգվածության և հետևողականության բարելավումը թվային գործիքակազմի միջոցով» խորագրով հարակից միջոցառմանը

24 փետրվարի, 2026

Փետրվարի 24-ին Ժնևում՝ ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Մարդու իրավունքների իրականացման գործում համակարգվածության և հետևողականության բարելավումը թվային գործիքների միջոցով» խորագրով հարակից միջոցառմանը, որը կազմակերպվել էր Հայաստանի նախաձեռնությամբ՝ Դանիայի մարդու իրավունքների ինստիտուտի հետ համատեղ: 

Ստորև ներկայացված է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ամբողջական ելույթը:

«Ձերդ Գերազանցություններ,

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ ելույթ ունենալ այս քննարկմանը և ներկայացնել, թե ինչպես են մարդու իրավունքների հանձնառությունները թղթից անցում կատարում գործնական դաշտ, և ինչպես են կառույցներն ապահովում  տրված խոստումների  և դրանց իրականացման շարունակականությանը:

Նախևառաջ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել համակազմակերպիչներին: Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել Դանիայի մարդու իրավունքների ինստիտուտին՝ հաստատված սերտ և արդյունավետ համագործակցության համար, մասնավորապես՝ մեկ տարի առաջ ստորագրված փոխըմբռնման հուշագրից հետո: Մեկ տարի անց մենք կարող ենք ներկայացնել այն հստակ քայլերը, որոնք ձեռնարկվել են մարդու իրավունքների իրականացման գործընթացում համակարգվածության և հետևողականության բարելավման ուղղությամբ:

Ես նաև մեր երախտագիտությունն եմ հայտնում Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակին, որն առանցքային դերակատարում է ունեցել ազգային մակարդակում իրականացման և հաշվետվողականության ու հետևողականության մեխանիզմների խթանման գործում, և որի փորձագիտական աջակցությունը շարունակում է ուղղորդել ազգային ջանքերը։

Հայաստանը շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել մարդու իրավունքների մոնիտորինգի միջազգային գործընթացներում՝ թե՛ ՄԱԿ շրջանակներում և թե՛ տարածաշրջանային մակարդակում: Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք աննախադեպ թվով երկխոսություններ ենք ունեցել պայմանագրային մարմինների հետ, ներկայացրել ենք պարբերական զեկույցներ տարածաշրջանային կոնվենցիաների շրջանակներում և հյուրընկալել ենք մոնիտորինգային այցեր՝ միաժամանակ ապահովելով օպերատիվ համագործակցություն հատուկ ընթացակարգերի և Մարդու իրավունքների խորհրդի այլ մեխանիզմների հետ: Անցյալ տարվա մայիսին Հայաստանն անցավ Համընդհանուր պարբերական վերանայման չորրորդ փուլը:

Այս գործընթացները պարզապես ընթացակարգային ձևականություններ չեն: Դրանք արտացուլում են միջազգային հանրության հետ շարունակական երկխոսությունը: Զեկուցումը, վերանայումը և հետևողականությունը ձևավորում են դիտարկումների և բարեփոխումների շարունակական շրջափուլ: Միևնույն ժամանակ, մոնիտորինգային գործընթացների ծավալների և հաճախականության աճը զգալի ճնշում են ստեղծելազգային զեկուցման կարողությունների վրա:

Հենց այս համատեքստում էր, որ Հայաստանը ձեռնամուխ եղավ արդյունավետության, համակարգման և ինստիտուցիոնալ հիշողության ամրապնդմանը: 2024թ.  Իրականացման, զեկուցման և հաշվետվողականության ապահովմանն ուղղված ազգային մեխանիզմի ստեղծումը նշանավորեց անցումը մասնատված զեկուցումից մշտական ​​և կառուցվածքային համակարգին: Այս քայլն իրականացվեց՝ հիմնվելով Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի ուղեցույցի վրա:

Հենվելով թվային գործիքներ մշակած այլ պետությունների փորձի վրա՝ մենք հանգեցինք այն եզրակացությանը, որ մեր պարագայում  անհրաժեշտ է գտնել  երկրում գործող իրավական և վարչական համակարգին հարմարեցված լուծում։ Ահա թե ինչու Հայաստանը կարևորեց լրացուցիչ ազգային գործիքի անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա ներառել տարածաշրջանային պարտավորություններն ու ներքին աշխատանքային ընթացակարգերը։

Մեզ համար արդյունավետ իրականացումը նշանակում է մոնիտորինգային պարտավորությունների ողջ շրջանակի, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի համակարգից բխող պարտավորությունների ընդգրկում։ Դա նաև ենթադրում է կառույցների միջև ամենօրյա համակարգման և ներքին աշխատանքային գրառումների ապահովում՝ պետական լեզվով։ Հենց այս նկատառումները հիմք հանդիսացան մեր իրականացման մեխանիզմի ավելի լայն շրջանակով ազգային թվային գործիքի մշակման համար։

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ այս գործընթացը առաջընթաց է ապրել զգալի արդյունավետությամբ։ Այն հնարավոր է դարձել թվայնացման օրակարգի նկատմամբ Կառավարության կողմից ցուցաբերվող զգալի աջակցության և Կառավարության թվայնացման ռազմավարության հետ համահունչ լինելու շնորհիվ։ Քանի որ ինստիտուցիոնալ ենթակառուցվածքն արդեն իսկ առկա էր, երկարատև ընթացակարգերի կամ գնումների գործընթացների կարիք չկար։ «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի մեր մասնագետների շնորհիվ մեզ հաջողվեց ստեղծել մարդու իրավունքների ոլորտում իրականացման և զեկուցման առաջին ազգային թվային հարթակը՝ Հայաստանի մոնիտորինգի և հաշվետվողականության ինստիտուցիոնալ ցանցը (Armenia’s Institutional Network for Monitoring and Reporting, AI-NEMRA): Հարթակը նախագծվել և գործարկվել է մոտ երեք ամսվա ընթացքում, ինչը չափազանց կարճ ժամանակահատված է նման ծավալի  համակարգի համար։ Սա փաստում է, որ ինստիտուցիոնալ պատասխանատվությունը, տեխնիկական հմտությունները և հստակ քաղաքական ուղղությունը կարող են զգալիորեն արագացնել իրականացման գործընթացը։

Ձերդ գերազանցություններ,

Հարգելի՛ գործընկերներ,

Թույլ տվեք այժմ անցում կատարել հարթակի ներկայացմանը։

Հանրային տիրույթում առաջարկությունները ներկայացված են զտիչների կառուցվածքային համակարգի միջոցով: Օգտատերերը կարող են որոնել ըստ թեմատիկ ոլորտների, որոնք ներառում են քաղաքականության տասը առանցքային ոլորտներ, ինչպես նաև ըստ պայմանագրային մարմինների՝ լինեն դրանք ՄԱԿ-ի մեխանիզմները, Համընդհանուր պարբերական դիտարկումը, թե Եվրոպայի խորհրդի կառույցները: Հարթակը նաև հնարավորություն է տալիս որոնումներն իրականացնել ըստ զեկուցման շրջափուլի՝ տարեթվի կամ բանալի բառերի միջոցով, իսկ  շուտով հասանելի կլինեն նաև լրացուցիչ ցանկեր՝ կայքում որոնումն  ավելի հեշտացնելու համար։

Այնուհետև մենք անցնում ենք երկրորդ տիրույթին, որը հասանելի է ազգային մեխանիզմի լիազորված օգտատերերին: Այս աշխատանքային տիրույթը ներառում է իրականացման ընթացքին հետևելու տեղեկատվություն, այդ թվում՝ իրականացման կարգավիճակը՝ ծրագրված, ընթացիկ կամ ավարտված, պատասխանատու կառույցը կամ կառույցները և ներքին մեկնաբանությունները, որոնք թույլ են տալիս ապահովել ավելի մանրամասն հետևողականություն: Ասյպիսով, հարթակը ծառայում է և՛ որպես թափանցիկության գործիք, և՛ որպես համակարգման գործնական միջոց՝ աջակցելով ամենօրյա աշխատանքների իրականացմանը:

Համակարգը ստեղծված է «Newmoon» հարթակի վրա, որն աշխատում է «Directus»-ով  և ունի մոդուլային կառուցվածք, ինչը թույլ է տալիս այն հարմարեցնել և ավելի զարգացնել։ Նոր բաղադրիչներ կարող են ավելացվել առանց հիմնական կառուցվածքը փոփոխելու, ինչը հնարավորություն է տալիս կատարելագործել հարթակը՝ զեկուցման պահանջների և քաղաքական առաջնահերթությունների փոփոխություններին զուգընթաց։ Չնայած համակարգը մշակվել է Հայաստանի կարիքներին համապատասխան, այն կարող է հաջողությամբ կիրառվել նաև այլուր, քանի որ դրա կառուցվածքը կարող է հարմարեցվել տարբեր իրավական և վարչական միջավայրերին: Մենք պատրաստ ենք համագործակցել շահագրգիռ ազգային կառույցների հետ փորձի փոխանակման միջոցով և կիսվել նախագծման գործընթացից քաղված դասերով, միջգերատեսչական համակարգման մոտեցումներով, ինչպես նաև նման գործիքները վարչական աշխատանքային գործընթացներում ներդնելու գործնական հարցերով:

Հարգելի՛ գործընկերներ,

Մարդու իրավունքների ոլորտում առաջընթացն աստիճանական է։ Այն զարգանում է երկխոսության, թափանցիկության և հետևողական հանձնառության միջոցով։ Այս համատեքստում տեխնոլոգիաները և նորարարությունը գնալով ավելի շատ են ծառայում որպես նպաստող գործոններ՝ օգնելով կառույցներին կառավարել բարդ գործընթացները, բարելավել թափանցիկությունը և ամրապնդել իրականացումը։ Այսպիսով, ազգային մեխանիզմներն ու թվային գործիքները ինքնանպատակ չեն. դրանք գործնական միջոցներ են թե´ երկրի ներսում, և թե´ պետությունների ու մարդու իրավունքների միջազգային համակարգի միջև վստահությունը պահպանելու համար:

Հայաստանը պատրաստակամ է շարունակել նորարարական մոտեցումների ուսումնասիրությունը, որոնք կամրապնդեն այս նպատակը:

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին իրենց ներգրավվածության համար և մաղթում արդյունավետ քննարկումներ»:

Տպել էջը