ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բացման խոսքը «Լեռներից մինչև օվկիանոսներ. կենսաբազմազանության պահպանումը շրջակա միջավայրի սահմաններից այն կողմ՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջոցառմանը

10 հունիսի, 2025

Ձերդ գերազանցություններ, տիկնա՛յք և պարոնա՛յք, սիրելի՛ մասնակիցներ,

Մեծագույն հաճույք է ողջունել ձեզ այս բարձր մակարդակի միջոցառմանը, որը կազմակերպվել է այս գեղեցիկ քաղաքում՝ Նիցցայում, Հայաստանի կողմից՝ որպես «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի հյուրընկալող և նախագահող, և Ֆրանսիայի կողմից՝ որպես Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի հյուրընկալող և համանախագահող:

Սա այն բազմաթիվ առիթներից մեկն է, երբ Հայաստանը և Ֆրանսիան միավորում են իրենց ուժերն՝ ապահովելու, որ գլոբալ բնապահպանական օրակարգը մնա մեր միջազգային ջանքերի առաջնագծում, և մենք համատեղ առաջ ենք տանում այնպիսի մարտահարվերների հասցեագրումը, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, կենսաբազմազանության կորուստը, աղտոտումը և այլ խնդիրներ, որոնք ներկայիս սերնդին հասցրել են մոլորակի մակարդակով ճգնաժամի եզրին:

Հայաստանը, վայելելով միջազգային հանրության վստահությունը և իր գործընկերների աջակցությամբ, գործադրում է առավելագույն ջանքեր՝ հաջորդ  հաջող և արդյունքների միտված COP17 անցկացնելու ուղղությամբ, որը, մենք հույս ունենք, կօգնի շրջել կենսաբազմազանության կորստի միտումները և ապահովել ավելի կայուն, կանաչ և բնության հետ ներդաշնակ զարգացման ուղի:

Մեզ անհրաժեշտ է վերանայված ընկալում, որ բնապահպանական մարտահարվերները մեկուսացված երևույթներ չեն. դրանք ազդում են բոլորիս վրա՝ անկախ նրանից լեռներում ենք, թե օվկիանոսների խորքերում, և մենք պետք է վերանայենք մեր վերաբերմունքն ինքնին բնության նկատմամբ և թարմացնենք մեր հանձնառությունը բնապահպանական գործողություններին:

Այս համատեքստում Հայաստանում կայանալիք COP17-ը կդառնա կարևոր հանգրվան: Այն կհամախմբի կոնվենցիայի կողմերին, կառավարություններին, հանրային և մասնավոր շահագրգիռ կողմերին, բնիկ ժողովուրդներին և տեղական համայնքներին՝ գլոբալ վերանայման համար՝ գնահատելու մեր կոլեկտիվ և անհատական ձեռքբերումները «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի և Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման գործում: Ես այստեղ օգտագործում եմ «ձեռքբերումներ» բառը, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ բացի ձեռքբերումներից, այս վերանայումը կօգնի մեզ գնահատել և բացահայտել բացթողումները, թերությունները և կարիքները, ինչպես նաև անել հնարավորը՝ մշակելու ամենաարդյունավետ և համապարփակ լուծումներ, որոնք կօգնեն մեզ հավատարիմ մնալ կենսաբազմազանության մեր հանձնառություններին՝ միաժամանակ ապահովելով կայուն զարգացման նպատակների իրագործումը:

Օվկիանոսի հարցերով համաժողովում տեղի ունեցող քննարկումներն ու խորհրդակցությունները չափազանց կարևոր են COP17-ի նպատակների համար, քանի որ օվկիանոսների կենսաբազմազանությունը գլոբալ կենսաբազմազանության պահպանման կարևոր հենասյուն է: Մենք ուրախ ենք, որ այնպիսի նախաձեռնություններ, ինչպիսիք են պլաստիկի պատճառով աղտոտման դեմ պայքարի մասին իրավաբանորեն պարտադիր գործիքի շուրջ բանակցությունները կամ «Ազգային իրավազորության սահմաններից դուրս տարածքներում ծովային կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին» համաձայնագրի՝ BBNJ-ի  ընդունումը, խթանում են գլոբալ ջանքերն այդ ուղղությամբ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիային՝ երկու գործընթացներին ամուր աջակցություն ցուցաբերելու համար։

Մենք ակտիվորեն ներգրավված ենք երկու գործընթացներում և երեկ ստորագրել ենք BBNJ-ն՝ ցույց տալու համար, որ թեև Հայաստանը դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր է՝ հիմնականում լեռնային տեղանքով, մենք կիսում ենք ծովային կենսաբազմազանության պահպանման ընդհանուր մտահոգությունը՝ որպես ընդհանուր ժառանգություն և կարևոր բնապահպանական ոլորտ: Մենք նաև հավատում ենք, որ ծովային էկոհամակարգերի պաշտպանությունն ու պահպանումը սերտորեն կապված են նրա հետ, թե ինչ ենք մենք անում ցամաքում և լեռներում, քանի որ դրանք բազմաթիվ առումներով ազդում են ծովային էկոհամակարգերի վրա:

Այս բարձր մակարդակի քննարկումը հենց ծովային և ցամաքային էկոհամակարգերի խորը փոխկապակցությունները և դրանց փոխկապակցված խոցելիությունները բացահայտելու, ինչպես նաև գլոբալ բնապահպանական խնդիրների նկատմամբ ավելի համապարփակ և ինտեգրված մոտեցումներ ապահովելու ուղիները քննարկելու մասին է:

Այսպիսով, ես ակնկալում եմ լսել և օգտվել բարձր մակարդակի փորձագետների արժեքավոր մտքերից ու առաջարկություններից այս հարցերի վերաբերյալ՝ հույսով, որ սա կնպաստի այս քննարկման արդյունքների առավել արդյունավետ կիրառմանը՝ ի աջակցություն Հայաստանում հաջորդ տարի կայանալիք Կենսաբազմազանության COP17 համաժողովի։

Շնորհակալություն ձեր ուշադրության համար և մաղթում եմ բոլորիս արդյունավետ քննարկումներ:

 
Տպել էջը