Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում հարակից միջոցառում

10 հունիսի, 2025

Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում կայացել է հարակից միջոցառում՝ «Լեռներից մինչև օվկիանոսներ. կենսաբազմազանության պահպանումը շրջակա միջավայրի սահմաններից այն կողմ՝ հանուն կայուն ապագայի» խորագրի ներքո, որը կազմակերպվել էր Հայաստանի և Ֆրանսիայի կողմից համատեղ՝ որպես համապատասխանաբար COP-17-ի և ՄԱԿ Օվկիանոսի հարցերով համաժողովի հյուրընկալող երկրներ։

Միջոցառմանը ներկա է գտնվել Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովին մասնակցող ՀՀ պատվիրակության ղեկավար, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Հաջորդիվ կայացել է բարձր մակարդակի պանելային քննարկում, որին մասնակցել են ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերը, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ, Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար Ռաբաբ Ֆաթիման, Ֆրանսիայի շրջակա միջավայրի դեսպան, էկոլոգիական անցման նախկին նախարար Բարբարա Պոմպիլին, Նորվեգիայի Կլիմայի և շրջակա միջավայրի նախարարության գլխավոր բանակցող Գաութե Հանսենը, ինչպես նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, COP17-ի կազմակերպչական կոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը։

Եզրափակիչ խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիոսողոմոնյանը` ամփոփելով միջոցառման արդյունքները և շնորհակալություն հայտնելով մասնակիցների ակտիվ ներգրավվածության համար: Իր խոսքում նախարարի տեղակալը կարևորել է տարբեր էկոհամակարգերի միջև կապը և կենսաբազմազանության պահպանմանն ուղղված գործողությունների ինտեգրումն ընդհանուր համայնապատկերում, ինչպես նաև այդ գործողությունների իրականացման ընթացքում առավել համապարփակ հայեցակարգ ունենալու անհրաժեշտությունը:

 
Տպել էջը