ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հանդիպումը ԱԳՆ անձնակազմի հետ

31 մայիսի, 2021

Մայիսի 31-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ ԱԳՆ անձնակազմի հետ: 

Նախարարի պաշտոնակատար Այվազյանը շնորհակալություն հայտնեց անձնակազմին՝ համատեղ աշխատանքի ընթացքում դրսևորած պրոֆեսիոնալիզմի և մասնագիտական նվիրվածության համար:

Իր խոսքում Արա Այվազյանը, մասնավորապես, նշեց. «Երբ ես համաձայնեցի ստանձնել այս պաշտոնը, դա իմ կյանքի ամենադժվար, բայց, միևնույն ժամանակ, ամենահեշտ որոշումն էր: Հեշտ որոշում էր, քանի որ ես՝ անձնապես, և վստահ եմ՝ Դուք՝ բոլորդ, գիտակցում էինք, որ պարտք ունենք մեր զոհերի առջև, պարտք ունենք մեր երկրի առջև: Դժվար էր, քանի որ շատ լավ հասկանում և գիտակցում էի, թե ինչ հսկայական պատասխանատվություն է ինձ վրա և մեր բոլորի վրա, քանի որ մենք իրավունք չունեինք սխալվելու: Մենք իրավունք չունեինք անելու այնպիսի քայլ, որի համար հետագայում մեր ժողովուրդը և մեր պատմությունը մեզ չէր ների:

Երբ ստանձնեցի այս պաշտոնը, ես հայտարարեցի, որ դիվանագիտությունը պարտված չէ, և մինչև այսօր էլ պնդում եմ, որ մեր դիվանագիտությունը պարտված չէ: Շատերն ինձ հետ համաձայն չեն, բայց այս ընթացքում մենք բոլորս՝ այստեղ և դեսպանություններում գտնվողներս, ապացուցեցինք, որ ոչ միայն պարտված չենք,  այլ նաև կարողանում ենք մեր պետական և ազգային շահերը առաջ մղել և նշել կարմիր գծերը: Այս տարի, երբ լրանում է մեր նախարարության 30-ամյակը, կարևոր շրջան է, հասունության շրջան է. կարծես թե մենք այս ողջ ընթացքում պատրաստվում էինք այս օրերին, այս ժամանակներին:

Իսկապես շատ բան է արվել, ես հիմա չեմ ցանկանում թվարկել, և ոչ էլ ուզում եմ գնահատական տալ. դա հետագայի համար է։ Բայց կարծում եմ` մենք բոլորս կարող ենք բաց ճակատով դուրս գալ փողոց և քայլել։ Կարծում եմ` մեր միջազգային գործընկերները հասկացել են, որ Հայաստանը պարտված չէ, Արցախը պարտված չէ, հայությունը պարտված չէ։ Մեր թշնամիները նույնպես դա հասկացել են։ Եվ ոչ պակաս կարևոր է այն, որ այս տագնապալի օրերին մենք դարձանք այն կառույցը, որն ըմբռնելի դարձավ մեր հասարակության համար, մեր ձայնը գնալով ավելի լսելի դարձավ, և մենք առավել քան երբևէ վստահություն ձեռք բերեցինք մեր ժողովրդի առջև։ Ես ուզում եմ այսօր ձեզ բոլորիդ շատ շնորհակալություն հայտնել, իսկապես ինձ համար մեծ պատիվ էր աշխատել բոլորիդ հետ։ Իմ գործելաոճը մշտապես եղել է կոլեգիալ, և հուսով եմ` զգացել եք, որ բոլորիդ աշխատանքը, բոլորիդ խորհուրդը հասանելի է եղել նախարարության ղեկավարության համար։ Ոչ միայն հասանելի է եղել, այլև մեր որոշումները, որոնք կայացրել ենք այս ընթացքում, իսկապես հիմնված են եղել ձեր բոլորի մասնագիտական աշխատանքի և խորհրդի վրա։ 

Ես շատ դժվարությամբ եմ այս որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել։ Մենք միասին երկար ճանապարհ ենք անցել, և այսօր ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ամենաբարի հիշողություններով։ 

Մեր ողջ անձնակազմին՝ դիվանագետներին և ոչ դիվանագետներին, մենք մի ընտանիք ենք եղել, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում։ Ձեզ մաղթում եմ նույն ոգով շարունակել աշխատել։ Եվ իմ խորհուրդը. ընդհանրապես դիվանագետը ընկալվում է որպես հարմարվող, համակերպվող, սուր անկյուններից խուսափող անձ։ Ես կարծում եմ՝ այս դժվարին պայմաններում մենք դրա իրավունքը չունենք, և մեր մեջ, իսկապես, գնալով, վստահ եմ, կլինեն սկզբունքային դիվանագետներ, ովքեր ուղենիշ կդառնան մեր հասարակության համար։ Մեկ անգամ ևս շատ շնորհակալություն և ձեզ ամենայն բարիք»։ 

 

Տպել էջը