ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքը Ֆրանսիայի Ազգային տոնին նվիրված ընդունելությանը

14 հուլիսի, 2018

Մեծարգո պարոն դեսպան,

Դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ,

Տիկնայք և պարոնայք,

Սիրով շնորհավորում եմ Ձեզ, պարո՛ն դեսպան, և ի դեմս Ձեզ` նաև Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ։

Այն ուղերձը, որ արդեն երկու դար է` հուլիսի 14-ին Ֆրանսիայի ժողովուրդը հղում է մարդկությանը, այսօր պատկանում է բոլոր նրանց, ով ճանաչում է ազատության, հավասարության և եղբայրության սկզբունքները, պատկանում է բոլոր նրանց, ում համար մարդու ու ժողովուրդների իրավունքները համամարդկային արժեքներ են։ Մենք Ֆրանսիայի հետ կիսում ենք այս սկզբունքներն ու արժեքները, և թավշյա հեղափոխությունն այս խոսքերի բացահայտ վկայությունն է։

Հիրավի արժեհամակարգի ու աշխարհընկալման այս ընդհանրությունը կազմում է հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության հենքը։ Դրանով է նաև պայմանավորված մեր երկրների միջև կապերի ամրությունը և հուսալիությունը. դա է մեր հարաբերությունները դարձնում առանձնաշնորհյալ։

Այդ մասին են վկայում նաև Հայաստանի և Ֆրանսիայի բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, բազմակողմանի համագործակցությունը հնարավոր բոլոր ոլորտներում, նաև փոխգործակցությունը բազմակողմ ձևաչափերով։

Անգնահատելի է բարեկամ Ֆրանսիայի իշխանությունների սկզբունքային դիրքորոշումը Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող բոլոր հարցերում։ Լինի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր, Հայոց ցեղասպանության հարց, Հայաստանի զարգացման օրակարգ, Հայաստան-ԵՄ հարաբերություններ, Հայաստանը մշտապես զգում է Ֆրանսիայի բարեկամական ներկայությունն իր կողքին։

Այս տարին խորհրդանշական է մեր բարեկամ պետությունների հարաբերությունների համար։ Հոկտեմբերին պատրաստվում ենք պետական այցով հյուրընկալել նախագահ Մակրոնին։ Նույն օրերին Երևանում կանցկացվի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը։ Այս երկու խոշոր իրադարձությունները վկայում են Ֆրանսիայի և ֆրանկոֆոն աշխարհի հետ Հայաստանի ամուր կապերի մասին։

Խորհրդանշական է նաև, որ երկու օր առաջ Բրյուսել կատարած իր այցի ընթացքում Հայաստանի վարչապետի առաջին հանդիպումներից մեկը հենց Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ էր, և այն անցավ ընդգծված ջերմ ու գործնական մթնոլորտում։ Մեր քաղաքական ղեկավարների միջև կայացած այդ խորքային փոխըմբռնումն ու նաև հաստատված մարդկային ջերմությունը հիմք են տալիս վստահ լինելու, որ մեր երկու երկրների միջև հարաբերություններն իսկապես գործնական ընթացքի մեջ են։ Էլ ավելի խորհրդանշական է, որ այդ ընթացքում մեր ղեկավարների կարգախոսները նույն բառով են պայմանավորված՝ «քայլ» բառով։

Կասկած չունեմ, որ մեր ժողովուրդների բարեկամության դարավոր ավանդույթների վրա խարսխված հայ-ֆրանսիական հարաբերությունները մեր համատեղ ջանքերով կշարունակեն ամրապնդվել, խորանալ ու ընդլայնվել:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ, պարո՛ն դեսպան, Ֆրանսիայի դեսպանության ողջ անձնակազմին, ինչպես նաև Հայաստանում գտնվող բոլոր ֆրանսիացիներին Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ։

Կեցցե՛ Ֆրանսիան,

Կեցցե՛ Հայաստանը,

Կեցցե՛ հայ-ֆրանսիական բարեկամությունը։

Տպել էջը