ԱԳ նախարարի խոսքը «Ժխտման ճարտարապետները» ֆիլմի հայաստանյան պրեմիերային

05 մարտի, 2018

Մեծարգո պարոն Նախագահ և տիկին Սարգսյան,
Հարգելի ներկաներ,

Այսօր Հայաստանի հանդիսատեսին է ներկայացվում «Ժխտման ճարտարապետները» ֆիլմը, որն արդեն հասցրել է լայն ընդունելության արժանանալ Ամերիկայի Միացյալ Նահանագներում և շատ այլ երկրներում։ Ֆիլմը նվիրված է 20-րդ դարասկզբին տեղի ուենցած մարդկության դեմ զարհուրելի հանցագործությանը՝ Հայոց ցեղասպանությանը, դրա ժխտման շարունակական փորձերին, ինչպես նաև մեր օրերում իրականացված ոճրագործություններին:

Ինչպես ասում էր Հոլոքոսթը վերապրած Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելը` ժխտել նշանակում է երկրորդ անգամ սպանել։ Նա կոչ էր անում չլռել, պայքարել ցեղասպանության չարիքի դեմ, քանի որ անտարբերությունը, ժխտողականությունը նոր դահիճներ են ծնում: Հիրավի ֆիլմի հեղինակները մեծ ու շնորհակալ աշխատանք են իրականացրել, այս տպավորիչ ստեղծագործության միջոցով ևս մեկ անգամ բարձրաձայնելով. «ոչ ոք չի մոռացել, ոչինչ չի մոռացվի»:

Կարելի է անվարան ասել, որ այս ֆիլմը կարևոր քայլ է, ինչպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու իրազեկվածության բարձրացման, այնպես էլ ցեղասպանությունների, ժխտողականության չարիքի դեմ պայքարում: Այն նշանակալի խթան է «այլևս երբեք»-ի խոստումն իրականացնելու համամարդկային ջանքերում:

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս արժեքավոր ֆիլմի ստեղծման գործում։ Այսօր Ֆիլմի ստեղծագործական խումբը ներկա է հայաստանյան պրեմիերային։ Մեզ հետ են ֆիլմի պրոդյուսերները` ամերիկյան կինոարվեստի և հեռուստատեսության աստղեր Դին Քեյնն ու Մոնթել Ուիլիամսը, կխնդրեի ողջունել նրանց:
 

Տպել էջը