ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է Ժողովրդագրական դիմակայունությանը նվիրված հարակից միջոցառմանը

25 սեպտեմբերի, 2026

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Ժողովրդագրական դիմակայունություն. ներդրումներ մարդկային կապիտալում՝ հանուն կայուն ապագայի» խորագրով հարակից միջոցառմանը։

Իր ելույթում ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդգծել է, որ մարդկային կապիտալի զարգացումը և խոցելի խմբերի պաշտպանությունը Հայաստանի զարգացման առաջնահերթությունների առանցքում են։ Այս մոտեցումն արտացոլված է նաև Հայաստանի վերափոխման մինչև 2050թ. ռազմավարությունում, ՀՀ կառավարության գործողությունների ծրագրում և 2026-2030թթ. ծրագրում։

Նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության 2026-2030թթ. շրջանակը, որի առաջնահերթություններից են սոցիալական պաշտպանության և ժողովրդագրական դիմակայունության ամրապնդումը, արժանապատիվ աշխատանքը, գենդերային հավասարությունը, կանանց հնարավորությունների ընդլայնումն ու խոցելի խմբերի պաշտպանությունը։

ԱԳՄԱ նախարարի տեղակալն անդրադարձել է սոցիալական պաշտպանության, կրթության և առողջապահության ոլորտներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին՝ ուղղված բարեկեցության բարձրացմանն ու արժանապատիվ աշխատանքի հնարավորությունների ստեղծմանը։ Այս համատեքստում կարևորել է ՄԱԿ Բնակչության հիմնադրամի աջակցությամբ մշակված՝ Հայաստանի ժողովրդագրության 2024-2040թթ. ռազմավարության իրականացումը՝ որպես ժողովրդագրական դիմակայունության ամրապնդման համապարփակ և համակարգված շրջանակ։

Տպել էջը