ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» ազգային պատասխանատուների ցանցի նախարարական հանդիպմանը
24 սեպտեմբերի, 2026Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» («WPS») ազգային պատասխանատուների ցանցի նախարարական հարակից միջոցառմանը:
Անդրադառնալով ցանցի հիմնադրման 10-ամյակին՝ ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդգծել է «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի գործնական իրականացման կարևորությունը՝ միջազգային հանձնառությունները ազգային քաղաքականությունների և ինստիտուցիոնալ մեխանիզմների վերածելու և խաղաղությանն ու անվտանգությանը վերաբերող որոշումների կայացման գործընթացներում կանանց լիարժեք մասնակցությունն ապահովելու միջոցով։
Նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» 1325 բանաձևի իրականացման ՀՀ գործողությունների երրորդ ծրագիրը (2025-2027թթ.)՝ «Ներդրումներ խաղաղության համար համաշխարհային ջանքերում» խորագրով՝ նշելով, որ դրա իրականացումը փոխկապակցված է մարդու իրավունքների պաշտպանության, հակամարտությունների կանխարգելման, անվտանգության և պաշտպանության ոլորտներում իրականացվող բարեփոխումների, ինչպես նաև կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հնարավորությունների խթանման հետ։
Ընդգծվել է անվտանգության ավելի լայն ընկալման կարևորությունը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել տնտեսական և կիբեռանվտանգության ոլորտներում, ինչպես նաև առողջապահական և սոցիալական ծառայությունների հասանելիության հարցերում կանանց մասնակցության խթանմանը և դիվանագիտական ծառայությունում, զինված ուժերում ու ոստիկանությունում կանանց և տղամարդկանց հավասարակշռված ներկայացվածության ապահովմանն ուղղված աշխատանքներին։
ԱԳՄԱ նախարարի տեղակալը շեշտել է համայնքային դիմակայունության ամրապնդման և տեղահանված կանանց ինտեգրման ու ներառման կարևորությունը՝ ընդգծելով նրանց մասնակցության նշանակությունը ինչպես անմիջական կարիքների հասցեագրման, այնպես էլ դիմակայուն համայնքների և կայուն խաղաղության կառուցման համար։
ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդգծել է, որ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի կանխարգելման, մասնակցության, պաշտպանության, ինչպես նաև աջակցության և վերականգնման ուղղությունները պետք է փոխկապակցված կերպով արտացոլվեն քաղաքականությունների և որոշումների կայացման գործընթացներում, այդ թվում՝ անվտանգության և պաշտպանության ոլորտներում։