ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի մասնակցությունը «Կամրջելով գիտությունը, քաղաքականությունը և փորձառությունը՝ հասցեագրելու մոլորակային եռակի ճգնաժամը․ սիներգիաների ամրապնդումը հանուն ԿԶՆ-ների և 2030թ․-ից հետո կայուն ապագայի» խորագրով հարակից միջոցառմանը

15 հուլիսի, 2026

Հուլիսի 14-ին Նյու Յորքում՝ Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Կամրջելով գիտությունը, քաղաքականությունը և փորձառությունը՝ հասցեագրելու մոլորակային եռակի ճգնաժամը․ սիներգիաների ամրապնդումը հանուն ԿԶՆ-ների և 2030թ․-ից հետո կայուն ապագայի» խորագրով հարակից միջոցառմանը։

Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և աղտոտվածության խնդիրները փոխկապակցված մոտեցմամբ հասցեագրելու անհրաժեշտությունը։ Այս համատեքստում շեշտել է Բելեմում Ռիոյի կոնվենցիաների գործող և առաջիկա նախագահությունների կողմից ստորագրված սիներգիաների վերաբերյալ համատեղ հայտարարության կարևորությանը: Հավելել է, որ COP17-ը կարող է նպաստել այդ քաղաքական հանձնառության հետագա ամրապնդմանը և միջազգային հանրության աջակցության ընդլայնմանը։

Մոլորակային եռակի ճգնաժամի արդյունավետ հաղթահարման համատեքստում ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է ազգային մակարդակում ներառական մոտեցումը և բոլոր շահագրգիր կողմերի լիարժեք ներգրավվածության ապահովումը։ Ներկաների ուշադրությանն են ներկայացվել այս ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է նաև Հայաստանի պատրաստակամությունը սիներգիաների ամրապնդման և կայուն ապագայի ապահովման ուղղությամբ  բոլոր գործընկերների հետ համագործակցելու հարցում, այդ թվում` որպես Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) առաջիկա նախագահող երկիր։

Տպել էջը