ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հետ

01 հուլիսի, 2026

Հունիսի 30-ին Համբուրգի կայունության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կառլ Սկաուի հետ։

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և ՊՀԾ-ի միջև ձևավորված համագործակցությունը, այդ թվում՝ պարենային անվտանգության ապահովման և հումանիտար կարիքների հասցեագրման ոլորտներում։ Կարևորվել է ՊՀԾ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովումը՝ միտված ՀՀ պարենային համակարգի ամրապնդմանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նկատմամբ դիմակայունության բարձրացմանը: 

Երկուստեք ընդգծվել է «Դպրոցական սնունդ» ծրագրի դերը համայնքների ամրապնդման և առավել դիմակայուն պարենային համակարգերի ձևավորման գործում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են այս տարի Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում համագործակցության և համատեղ նախաձեռնությունների իրականացման հեռանկարները։ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է COP17-ի Հայաստանի նախագահության առաջնայնությունները և նախաձեռնությունները:

Անդրադարձ է կատարվել նաև ՄԱԿ շրջանակներում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացին՝ ընդգծելով դրա նշանակությունը ՄԱԿ-ի գործունեության արդյունավետության բարձրացման և մանդատների լիարժեք իրականացման գործում։

Տպել էջը