Լաոսի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
18 մարտի, 2026Մարտի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպան Սիֆանդոն Օյբուաբուդդիին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Շնորհավորելով դեսպան Օյբուաբուդդիին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ԱԳ նախարարի տեղակալը նրան մաղթել է արդյունավետ աշխատանք առաքելությունն իրականացնելու ընթացքում:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով խորացնել համագործակցությունն առևտրատնտեսական, գիտակրթական, տեխնոլոգիական, մշակութային և այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Մտքեր են փոխանակվել նաև բազմակողմ հարթակներում համագործակցության խորացման շուրջ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հարցերին, որի համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերը:
Մնացական Սաֆարյանն ընդգծել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և վերջինիս կարևոր բաղադրիչ «TRIPP ուղու» նշանակությունը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում և դրանց կյանքի կոչմամբ ընձեռնվելիք տնտեսական նոր հնարավորությունները։