ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Էլիզաբեթ Սպեհարի հետ
12 մարտի, 2026Մարտի 12-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ խաղաղաշինության և խաղաղության աջակցման հարցերով փոխտեղակալ Էլիզաբեթ Սպեհարի հետ:
Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները՝ ընդգծելով Հարավային Կովկասում հաստատված խաղաղության հետագա ամրապնդման և ինստիտուցիոնալացման անհրաժեշտությունը։
Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային խաղաղության և անվտանգության պահպանմանն առնչվող հարցերի շուրջ՝ կարևորելով խաղաղապահության դերն այս համատեքստում:
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է Հայաստանի ակտիվ ներգրավվածությունն աշխարհի տարբեր տարածաշրջաններում ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում իրականացվող խաղաղապահ առաքելություններին: ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցելու խաղաղապահության գործում միջազգային ջանքերին:
Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և ՄԱԿ-ի միջև համագործակցության հետագա խորացումը, մասնավորապես խաղաղապահության, խաղաղաշինության և զարգացման ոլորտներում իրականացվող նախաձեռնությունների շրջանակներում։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով դրա հանգուցալուծման և տարածաշրջանային կայունության ապահովման կարևորությունը: