Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և ԻԻՀ արտաքին գործերի նախարարությունների միջև
09 հունվարի, 2026Հունվարի 8-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԻԻՀ արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի գլխավորությամբ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների լայն օրակարգ, տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին առնչվող հարցեր։
Վահան Կոստանյանը և Մաջիդ Թախթ Ռավանչին գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև համագործակցության ակտիվ դինամիկան, որն արտահայտվում է նաև տարբեր մակարդակներով փոխադարձ այցերի միջոցով: Վերահաստատվել է երկու երկրների ղեկավարների մակարդակով արտահայտված՝ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու վճռականությունը։
Մտքեր են փոխանակվել էներգետիկայի, ենթակառուցվածքների, առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ բնագավառներում համագործակցության զարգացման հեռանկարների և կոնկրետ ծրագրերի իրականացման ընթացքի շուրջ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն անդրադարձ է կատարել տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված նախագծերին, այդ թվում նաև՝ «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի կյանքի կոչման արդյունքում ակնկալվող նոր հնարավորություններին: