ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի մասնակցությունը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 9-րդ նախարարական հանդիպմանը

13 դեկտեմբերի, 2025

Դեկտեմբերի 12-ին Աթենքում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 9-րդ նախարարական հանդիպմանը։ Հունաստանի նախագահությամբ կայացած հանդիպմանը մասնակցել են նաև Բոլիվիայի, Եգիպտոսի, Իտալիայի, Իրանի, Իրաքի Չինաստանի և Պերուի պատվիրակությունները։ Դիտորդի կարգավիճակով ներկա էին Մեքսիկան, Կիպրոսը և Հնդկաստանը։

Իր ելույթում ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը բարձր է գնահատել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի հարթակը՝ խաղաղության մշակույթի խթանման, միջմշակութային երկխոսության առաջմղման և մշակութային ժառանգության ոչնչացման, ինքնության խեղաթյուրման ու յուրացման դեմ պայքարում։ Ընդգծվել է նախորդ տարի Երևանում կայացած 8-րդ նախարարական համաժողովի և ընդունված Երևանի հռչակագրի կարևորությունը նշված ոլորտներում խնդիրների շեշտադրման ու Ֆորումի տեսանելիության բարձրացման հարցում։

Դավիթ Կարապետյանը ողջունել է 2025թ ընթացքում Ֆորումի մասնակիցների համատեղ նախաձեռնությունները և խրախուսել միջազգային կազմակերպություններում Ֆորումի բարեկամների խմբերի ձևավորումը և համատեղ նախաձեռնություններով հանդես գալը։

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը շեշտել է նաև ՀՀ կողմից գործադրվող ջանքերը Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954թ. Հաագայի կոնվենցիայի ամրապնդման ուղղությամբ` որպես օրինակ առանձնանշելով ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ նախաձեռնած մշակութային ժառանգության պաշտպանության նպատակով նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառման մասին բանաձևի ընդունումը։

Դավիթ Կարապետյանը ողջունել է Հնդկաստանի և Կիպրոսի՝ Ֆորումի նախարարական հանդիպմանն առաջին մասնակցությունը՝ վստահություն հայտնելով, որ նրանց անդամակցությունը կամրապնդի կառույցը։

Նախարարական հանդիպման արդյունքներով ընդունված Աթենքի հռչակագրում ամրագրվել են մշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության մասին կարևոր դրույթներ։  Հռչակագիրը հաստատել է Կիպրոսի անդամակցությունը Ֆորումին և ողջունել Հնդկաստանի մտադրությունը՝ ապագա անդամակցության վերաբերյալ։ Ֆորումի նախագահությունը ստանձնել է Իտալիան։

 

Տպել էջը