ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի ելույթը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 9-րդ նախարարական հանդիպմանը
13 դեկտեմբերի, 2025Հարգարժա՛ն նախարարներ,
Գերազանցություններ,
Հարգելի՛ պատվիրակներ,
Ինձ համար մեծ պատիվ է այսօր հանդես գալ այստեղ՝ Աթենքում, մի քաղաքում, որը դրել է փիլիսոփայության, ժողովրդավարության և արվեստների հիմքերը, և որի հարատև ժառանգությունը շարունակում է լուսավորել մարդկության համատեղ ուղին։ Մեր հանդիպումն այստեղ՝ ներշնչանքի անփոփոխ աղբյուր Ակրոպոլիսի մերձակայքում, ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ մենք միավորում ենք մեր ջանքերը՝ պահպանելու մեր նախնիների հազարամյակների խորքից եկող ժառանգությունը։
Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել Հունաստանին՝ ջերմ հյուրընկալության և այս նախարարակական հանդիպման գերազանց կազմակերպման համար։ Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունները բնորոշվում են հազարամյակների համատեղ պատմությամբ կերտված խորը բարեկամությամբ, ընդհանուր արժեքներով և անսասան համերաշխությամբ: Մեր գործընկերությունը արտացոլվում է կառավարությունների միջև շարունակաբար ընդլայնվող երկխոսության մեջ, որն այսօր ներառում է ոլորտների լայն շրջանակ։ Նրանց թվում մշակույթը շարունակում է զբաղեցնել կարևոր տեղ։ Վերջին մեկ տարվա ընթացքում երկու երկրների մշակույթի նախարարների փոխադարձ այցելությունները և ստորագրած փաստաթղթերն այս ոլորտին հաղորդել են նոր՝ երկար սպասված լիցք: Առանձնահատուկ նշանակություն ունեցող ձեռքբերում է նաև ապօրինի պեղումների, ինչպես նաև մշակութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման և սեփականության փոխանցման դեմ համատեղ պայքարին ուղղված համաձայնագրի ստորագրումը։ Այս քայլը ոչ միայն ամրապնդում է մշակութային ժառանգության պաշտպանության մեր վճռականությունը, այլև կարևոր հանգրվան է հանդիսանում Հայաստանի և Հունաստանի միջև մշակութային համագործակցության զարգացման ճանապարհին։
Հարգարժա’ն գործընկերներ,
Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին անդամակցելուց ի վեր Հայաստանը լիովին կիսում է վերջինիս հիմքում ընկած արժեքները և նպատակները՝ նպաստելու խաղաղության և ուժի չկիրառման մշակույթի առաջմղմանը և խթանելու միջմշակութային երկխոսությունը: Մենք դիտարկում ենք Ֆորումը որպես կենսական մեխանիզմ՝ պետությունների միջև համագործակցությունը ամրապնդելու, փոխհասկացվածությունը խորացնելու և հասարակություններում հանդուրժողականությունն ու հարգանքը խթանելու համար:
Նախորդ տարի Հայաստանը պատիվ ունեցավ նախագահելու Ֆորումը և հյուրընկալելու Նախարարական հանդիպումը։ 2024թ. դեկտեմբերին ընդունված Երևանյան հռչակագիրը վերահաստատեց Ֆորումի արդիականությունը՝ ընդգծելով մշակութային ժառանգությանը սպառնացող հրատապ մարտահրավերները և դրա առանցքային դերն այդ խնդիրների հաղթահարման գործում։ Հռչակագիրը նաև սահմանեց մեխանիզմեր՝ ուղղված Ֆորումի ինստիտուցիոնալ կարողությունների և տեսանելիության բարձրացմանը։ Այս քայլերը միասին կարևոր ներդրում էին մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված համաշխարհային ջանքերում և ի հայտ եկող սպառնալիքներին առավել համակարգված արձագանքելու գործում։
Հավատարիմ այս ոգուն՝ մենք ողջունում ենք Ֆորումի առաջին համատեղ հայտարարություններն ու նախաձեռնությունները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում: Այս համատեղ գործողություններն արտացոլում են աճող համախմբվածությունը և գլոբալ քննարկումների վրա ազդեցություն ունենալու միասնական հանձնառությունը: Մենք խրախուսում ենք Բարեկամների խմբերի ստեղծումը համապատասխան կազմակերպություններում, քանի որ բազմակողմ հարթակներում միասնական և հետևողական ներգրավվածությունը թույլ կտա Ֆորումին առաջ մղել իր առաջնահերթություններն ավելի մեծ հստակությամբ և ազդեցությամբ:
Մենք գնահատում ենք նաև Հունաստանի նախագահությամբ այս տարվա հոկտեմբերին Աթենքում փորձագետների հանդիպման անցկացումը, որի շրջանակներում հասցեագրվեցին երկու հրատապ առաջնահերթություններ՝ մշակութային արժեքների ապօրինի շրջանառության դեմ պայքարը և մշակութային ժառանգության վրա կլիմայի փոփոխության ազդեցությանը հակազդումը: Մենք վճռականորեն աջակցում ենք այս ձևաչափի շարունակականությանը հաջորդ նախագահության օրոք: Հայաստանը պատրաստ է ներդնել իր փորձառնությունը և լավագույն փորձը՝ այս փոխանակումների առաջմղմանն աջակցելու համար:
Հարգարժա՛ն գործընկերներ,
Այս արագ զարգացող աշխարհում Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը, իր կազմով, աշխարհագրական ընդգրկմամբ և նպատակով, մեր ժամանակների մարտահրավերներին դիմակայելու եզակի ձևաչափ է։ Հայաստանի համար, որտեղ խաղաղության մշակույթը, միջմշակութային երկխոսությունը և մշակութային ժառանգության պաշտպանությունն արտաքին քաղաքականության առաջնահերթություններ են, այս Ֆորումն ունի առանձնահատուկ նշանակություն, հատկապես մշակութային ժառանգության ոչնչացման, խեղաթյուրման, յուրացման և ժխտման դեմ պայքարում։
Այս համատեքստում կցանկանայի մի փոքր շեղվել՝ նշելով, որ ընդհանուր առմամբ մեծ Հոմերոսը ճիշտ էր՝ ասելով, որ «կյանքը մեծամասամբ ակնկալիքի հարց է», բայց մենք բոլորս կհամաձայնվենք, որ միայն քաղաքականություններ կյանքի կոչելը բավարար չէ։ Ահա թե ինչ գործնական խորհուրդ է մեզ ժառանգել մեկ այլ մեծ հույն՝ Արիստոտելը, նշելով, որ «գիտելիքի նպատակը գործողությունն է, այլ ոչ թե գիտելիքը» («Τέλος της γνώσης η πράξις, ου γνώσις»):
Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում նման խախտումները կանխարգելելուն ուղղված միջազգային իրավական գործիքների, այդ թվում՝ Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954թ. Հաագայի կոնվենցիայի լիարժեք կիրառմանը: Որպես գործնական ներդրում՝ մենք առաջ ենք մղում մշակութային ժառանգության պաշտպանության քաղաքականություններում նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառման մոտեցումը: 2024թ. հոկտեմբերին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ, Հայաստանի կողմից կազմակերպված հաջող միջազգային հանդիպումից հետո մենք նախաձեռնեցինք այս թեմայով բանաձև, որը երկու շաբաթ առաջ միաձայն ընդունվեց 1954թ. Հաագայի կոնվենցիայի բարձր պայմանավորվող կողմերի կողմից: Հայաստանը նպատակ ունի զարգացնել այս միտումը և շարունակել առաջ մղել այս օրակարգը միջազգային հարթակներում և այդ հարցում ակնկալում է Ֆորումի գործընկեր երկրների աջակցությունը:
Հայաստանը նաև ակտիվորեն նպաստում է հակամարտություններից տուժած մշակութային ժառանգության պաշտպանությանը: Նշանակալի օրինակներից են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Վերակենդանացրեք Մոսուլի ոգին» առաջատար նախաձեռնության շրջանակներում վավերագրական ժառանգության վերականգնմանը ցուցաբերած աջակցությունը և մեր ֆինանսական աջակցությունը «Կապույտ վահան» միջազգային կազմակերպությանը՝ Լիբանանում իրականացվող նախագծերի համար: Միևնույն ժամանակ, մենք խորացնում ենք համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ մասնագիտացված գործակալությունների հետ՝ Հայաստանում փախստական համայնքների հրատապ կարիքները բավարարելու համար՝ պահպանելով նրանց ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ բարբառները, բանավոր ավանդույթները, կատարողական արվեստները, ծեսերը և ավանդական արհեստները:
Վերջերս Հայաստանն ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ։ Մենք շնորհակալություն ենք հայտնում Ֆորումի բոլոր անդամներին՝ Հայաստանի թեկնածությանն աջակցելու համար։ Որպես կոմիտեի անդամ՝ Հայաստանը պատրաստ է համագործակցել Ֆորումի անդամների հետ՝ մեր հնագույն քաղաքակրթությունների մշակութային և բնական ժառանգությունը համատեղ առաջ մղելու և պաշտպանելու համար։
Հարգարժա՛ն գործընկերներ,
Մենք աջակցում ենք Աթենքի հռչակագրի նախագծի դրույթներին, որոնք անդրադառնում են կարևորագույն հարցերին և ներկայացնում են կարևոր քայլ Ֆորումի օրակարգի առաջխաղացման գործում: Մենք հատկապես ողջունում ենք այն հանգամանքը, որ այն կենտրոնանում է մշակութային ժառանգությունը կլիմայի փոփոխության և ծայրահեղ եղանակային պայմանների ազդեցությունից պաշտպանելու վրա: Այս հարցը մեզ համար խիստ արդիական է, քանի որ Հայաստանը հաջորդ տարվա հոկտեմբերին հյուրընկալելու է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը: Որպես COP17 առաջիկա նախագահությունը ստանձնող երկիր՝ մենք առանձնակի ուշադրություն կդարձնենք կենսամշակութային բազմազանության և ժառանգության պաշտպանությանը՝ ապահովելով, որ կենսաբազմազանության քաղաքականությունը լիովին համահունչ լինի պահպանության մշակութային չափանիշներին:
Վերջապես, մենք ջերմորեն ողջունում ենք Հնդկաստանի և Կիպրոսի մասնակցությունը այսօրվա հանդիպմանը: Մենք վստահ ենք, որ նրանց հնարավոր ապագա անդամակցությունն ավելի կամրապնդի Ֆորումը և կհարստացնի դրա համատեղ ձայնը: Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ սերտորեն համագործակցելու Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի բոլոր գործընկերների հետ՝ մարդկության համատեղ ժառանգությունը խթանելու և պաշտպանելու գործում:
Շնորհակալություն: