ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը գնահատող ԵՄ առաքելության առաջին այցը
11 դեկտեմբերի, 2025Դեկտեմբերի 11-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում եվրոպական ինտեգրման, հյուպատոսական, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի, միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչությունների ներկայացուցիչների և ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը գնահատելու նպատակով Երևան ժամանած ԵՄ պատվիրակության միջև։
ԵՄ փորձագիտական առաքելության կազմում էին ԵՄ անդամ երկրների ոլորտային փորձագետներ, Եվրոպական հանձնաժողովի, Արտաքին գործերի եվրոպական ծառայության, Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության և Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի գործող վիզային քաղաքականությունը, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում վերջին զարգացումները, այդ թվում՝ օրենսդրական նախաձեռնությունները: Հայկական կողմը վերահաստատել է մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ստանձնած միջազգային պարտավորությունների նկատմամբ իր հանձնառությունը: Գործողությունների ծրագրի գնահատման առաքելության պատվիրակությանը ներկայացվել է Հայաստանի՝ մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման ազգային մեխանիզմի թվային գործիքը (AI-NEMRA):
Այցի նպատակն է Գործողությունների ծրագրի բոլոր չորս ուղղություններով առաջնային հենանիշների՝ օրենսդրական և քաղաքականության շրջանակին առնչվող հարցերում Հայաստանի առաջընթացի գնահատումը: