ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ընդունել է Լատվիայի ԱԳՆ երկկողմ քաղաքական դեպարտամենտի տնօրենին և ՀՀ-ում Լատվիայի դեսպանին

01 դեկտեմբերի, 2025

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է Լատվիայի ԱԳՆ երկկողմ քաղաքական դեպարտամենտի տնօրեն Ուլդիս Միկուտսին և ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի) Էդիտե Մեդնեին:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, մտքեր են փոխանակել կիբերանվտանգության, սննդի անվտանգության, լավ կառավարման, թվայնացման և այլ ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունների, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարի շուրջ:

Դավիթ Կարապետյանն ընդգծել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և վերջինիս կարևոր բաղադրիչ «TRIPP ուղու» նշանակությունը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում և դրանց կյանքի կոչմամբ ընձեռնվելիք տնտեսական նոր հնարավորությունները:

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Տպել էջը