ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ԵՄ ԱԳԵԾ գլխավոր քարտուղարի տեղակալ Օլոֆ Սկուգի հետ

27 նոյեմբերի, 2025

Նոյեմբերի 27-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Օլոֆ Սկուգի հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Եվրոպական միության միջև ձևավորված հավակնոտ օրակարգի առնչությամբ և կարևորել դինամիկ խորացող գործընկերությունը: Անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում ձևավորված համագործակցությանը և այն խորացնելու ուղիներին:

Քննարկվել են Հայաստան-ԵՄ ոլորտային համագործակցության, այդ թվում՝ պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքներին առնչվող հարցերում փոխգործակցության հեռանկարները:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները` շեշտելով դրանց կարևորությունը տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում: Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և ընդգծել վերջինիս ներուժի կիրարկման կարևորությունը Հարավային Կովկասում և դրանից անդին փոխկապակցվածության խթանման գործում:

Տպել էջը