ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը Բելգիայի ԱԳ նախարարության գլխավոր տնօրեն Վերոնիկ Պետիի հետ

27 նոյեմբերի, 2025

Նոյեմբերի 27-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Բելգիայի Թագավորության ԱԳ նախարարության բազմակողմ հարաբերությունների և գլոբալիզացիայի հարցերով գլխավոր տնօրեն Վերոնիկ Պետիին:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպություններում Հայաստանի և Բելգիայի միջև ձևավորված համագործակցության բարձր մակարդակը: Երկուստեք ընդգծվել է ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ փոխգործակցության հետագա խորացման պատրաստակամությունը:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձել է տարածաշրջանային վերջին զարգացումներին, այդ թվում` Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ուղղված աշխատանքներին: Այս համատեքստում ներկայացվել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մանրամասները:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի կողմից հյուընկալվելիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին: ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջը ներկայացրել է ՀՀ տեսլականը COP17-ի անցկացման առնչությամբ և նշել, որ Հայաստանը ջանք չի խնայում Համաժողովին բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավվածությունն ապահովելու համար:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցերի շուրջ: Քննարկվել են Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպման ուղղությամբ տարվող աշխատանքների մանրամասները:

Տպել էջը