Հայաստանն ընտրվել է որպես ԱՀԿ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի կողմերի 12-րդ՝ COP12 համաժողովի և MOP5 նստաշրջանի հյուրընկալող երկիր
23 նոյեմբերի, 2025Նոյեմբերի 22-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում ընթացող Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի կողմերի 11-րդ համաժողովի և Ծխախոտային արտադրանքի անօրինական առևտրի վերացման արձանագրության կողմերի հանդիպման չորրորդ նստաշրջանի ընթացքում Հայաստանն ընտրվել է որպես կողմերի 12-րդ համաժողովի հյուրընկալող երկիր։ Հայաստանը նաև ընտրվել է որպես Արձանագրության կողմերի հանդիպման հինգերորդ նստաշրջանի հյուրընկալող երկիր։
Այս ընտրությունը վերահաստատում է միջազգային հանրության աճող վստահությունը Հայաստանի նկատմամբ` որպես հանրային առողջության պահպանման, ինչպես նաև ծխախոտի օգտագործման և անօրինական շրջանառության դեմ պայքարի գործընթացների կարևոր դերակատարի: Հայաստանին այժմ վստահված է ծխախոտի «համաճարակի» դեմ պայքարի պատասխանատու աշխատանքը՝ նպաստելու մարդկության դեմ ծառացած ներկա հանրային առողջության ոլորտում և անօրինական առևտրի վերացման բնագավառներում մարտահրավերների հաղթահարմանը։
Կոնվենցիայի կողմերի 12-րդ համաժողովը (COP12) և Արձանագրության կողմերի հանդիպման հինգերորդ նստաշրջանը կայանալու են Երևանում 2027 թվականին։
Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջին միջազգային իրավական փաստաթուղթն է հանրային առողջապահության ոլորտում, որի նպատակն է պաշտպանել ներկա և ապագա սերունդներին ծխախոտի սպառմամբ և ծխախոտային արտադրանքի ազդեցությամբ պայմանավորված հիվանդություններից և մահերից։ Կոնվենցիայի կողմերի համաժողովը Կոնվենցիայի բարձրագույն որոշում կայացնող մարմին է, որի նիստերը հրավիրվում են յուրաքանչյուր երկու տարին մեկ՝ գնահատելու կատարված աշխատանքները, քննարկելու Կոնվենցիայի դրույթների կիրարկման առաջընթացը և ընդունելու նոր որոշումներ՝ ուղղված ծխախոտի «համաճարակի» կանխարգելմանն ու վերահսկմանը։ Կոնվենցիայի համաժողովներին լայն մասնակցություն են ունենում քաղաքացիական հասարակության, մասնավորապես՝ ոչ կառավարական կազմակերպությունների, բնիկ ժողովուրդների, ակադեմիական շրջանակների, կանանց կազմակերպությունների, երիտասարդության, մասնավոր հատվածի ներկայացուցիչները: