ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթ է ունեցել նոր աշխարհակարգի վերաձևավորման գործընթացում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հավակնություններին նվիրված փակ նիստին
21 նոյեմբերի, 2025Նոյեմբերի 20-ին Կիգալիում՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 46-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Ի՞նչ հավակնություններ պետք է ունենա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը միջազգային նոր աշխարհակարգի վերաձևավորման գործընթացում» խորագրով փակ նիստին:
Իր խոսքում Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձել է ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում բազմակողմ համագործակցության առջև ծառացած մարտահրավերներին և ընդգծել դրանց հաղթահարմանն ուղղված համարժեք արձագանքի ապահովման և համատեղ ջանքերի գործադրման, ինչպես նաև ավելի ամուր ու արդյունավետ միջազգային մանդատների ներդրման կարևորությունը։
ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը յուրահատուկ հարթակ է խաղաղության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և կայուն զարգացման խթանման համար և ընդգծել ՖՄԿ առավել ակտիվ և արդյունավետ ներգրավվածության ապահովման կարևորությունը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներին և ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունները՝ վերահաստատելով խաղաղության օրակարգի առաջմղմանն ուղղված ՀՀ հանձնառությունը և ընդգծելով խաղաղության ինստիտուցիոնալացման ու վստահության մթնոլորտի կառուցման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում անդամ պետությունների ուշադրությանն է ներկայավել նաև տարածաշրջանային ապաշրջափակման մանրամասները՝ հիմնված երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության վրա։
Անդրադառնալով 2026թ. Երևանում հյուրընկալվելիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը համատեղ աշխատանքներ իրականացնել համաժողովի ընթացքում ՖՄԿ-ի բարձր տեսանելիությունն ապահովելու ուղղությամբ։
Կոչ է արվել նաև ակտիվորեն գրանցվել 2027թ. Հայաստանում նախատեսվող Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին։