Մալայզիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
18 նոյեմբերի, 2025Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մալայզիայի նորանշանակ դեսպան Լուն-Լաի Չեոնգին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Մնացական Սաֆարյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պարտականությունների ստանձման կապակցությամբ և հաջող ու արդյունավետ գործունեություն մաղթել հայ-մալայզիական կապերի ամրապնդման գործում։
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում համագործակցության խորացման, առևտրատնտեսական կապերի խթանման, ինչպես նաև գիտակրթական և տեխնոլոգիական ոլորտներում փոխգործակցության ընդլայնման վերաբերյալ։
Նախարարի տեղակալն անդրադարձել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնություններին, դրանց արդյուքներով տարածաշրջանում հաստատված խաղաղությանն ու վերջինիս ինսիտուցիոնալացման կարևորությանը:
Մնացական Սաֆարյանն ընդգծել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և վերջինիս կարևոր բաղադրիչ «TRIPP ուղու» նշանակությունը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում և դրանց կյանքի կոչմամբ ընձեռնվելիք տնտեսական նոր հնարավորությունները։
Դեսպան Չեոնգը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ հայ-մալայզիական առնչությունները դարերի պատմություն ունեն, ինչի վկայությունն է Մալայզիայի Ջորջ Թաուն քաղաքում հայկական փողոցի առկայությունը։
Դեսպանը պատրաստակամություն է հայտնել խորացնելու երկկողմ հարաբերությունները երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում՝ խթանելով միջմարդկային, մշակութային և տնտեսական կապերը։