ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը Ռուանդայի ԱԳ նախարար Օլիվիե Նդուհունգիրեի հետ
18 նոյեմբերի, 2025Նոյեմբերի 18-ին Կիգալիում՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 46-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Ռուանդայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Օլիվիե Նդուհունգիրեին:
Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Ռուանդայի միջև քաղաքական երկխոսության խթանման, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության խորացման պատրաստակամությունը: Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև ոլորտային փոխգործակցության շրջանակն ընդլայնելու հեռանկարներին, այդ թվում՝ կրթության, գիտության, գյուղատնտեսության, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում:
Քննարկվել են բազմակողմ ձևաչափերում և միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների միջև համագործակցությանն առնչվող հարցերը: Մտքեր են փոխանակվել նաև 2026թ. Երևանում անցկացվելիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շուրջ: Այս համատեքստում ներկայացվել է ՀՀ տեսլականը և գործադրվող ջանքերը կենսաբազմազանության խնդիրները պատշաճ կերպով հասցեագրելու և առավել ներառական Համաժողով կազմակերպելու հարցում:
Երկկողմ հանդիպմանը հաջորդել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի և Ռուանդայի ԱԳ նախարարի կողմից «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ռուանդայի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության միջև համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը: