ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Հայաստան-Սաուդյան Արաբիայի բարեկամական խմբի պատվիրակության հետ

07 նոյեմբերի, 2025

Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խմբի պատվիրակությանը, որը գլխավորում էր խմբի ղեկավար Ալի բին Մուհամմադ Ալ-Շահրանին։

Նախարար Միրզոյանն իր խոսքում նշել է. «Ուղիղ երկու տարի առաջ 2023 թվականի նոյեմբերին էր, երբ մենք դիվանագիտական հարաբերություններ հաստատեցինք Սաուդյան Արաբիայի Թագավորության հետ, և դա զուտ ֆորմալ հարաբերությունների հաստատում չէր. մենք հիմք դրեցինք ջերմ հարաբերությունների»: Ողջունելով այցը՝ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է համագործակցության ներուժի առավելագույն իրագործումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով:

Ալի բին Մուհամմադ Ալ-Շահրանին շնորհակալություն է հայտնել Սաուդյան Արաբիայից Հայաստան այս առաջին պաշտոնական այցի ընթացքում ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար՝ վստահություն հայտնելով, որ այն իր ներդրումը կունենա երկու երկրների միջև համագործակցության և բարեկամության զարգացման գործում:

Զրուցակիցներն ընդգծել են կոնկրետ ծրագրերի իրականացման հարցում երկուստեք առկա հետաքրքրությունն, այդ թվում՝ մարդկանց միջև շփումների ու զբոսաշրջության, գործարար կապերի խթանման, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Նախարար Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում Սաուդյան Արաբիայի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանն աջակցող դիրքորոշումը:

Տպել էջը