ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը Կամբոջայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության պետքարտուղար Կան Փարիդի հետ
16 հոկտեմբերի, 2025Հոկտեմբերի 16-ին Կամպալայում՝ Չմիավորման շարժման նախարարական հանդիպման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Կամբոջայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության պետքարտուղար Կան Փարիդի հետ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային կազմակերպությունների շրջանակներում և բազմակողմ ձևաչափերում Հայաստանի և Կամբոջայի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարների վերաբերյալ: Ընդգծվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները և վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ ուղղված Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ հիմնված բոլոր պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջակամության և ազգային իրավազորության հարգման, ինչպես նաև փոխադարձության սկզբունքների վրա:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2026թ. Հայաստանի կողմից հյուրընկալվող Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17):
Քննարկվել են երկկողմ ձևաչափում ոլորտային համագործակցության ընդլայնման և խորացման հնարավորությունները: