ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը Նիդերլանդների ԳՁՍԱԲ նախարարության կենսաբազմազանության հարցերով գլխավոր տնօրեն Մարկ Ռոսկամ Աբինգի հետ

14 հոկտեմբերի, 2025

Հոկտեմբերի 14-ին, Հաագա կատարած այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության գյուղատնտեսության, ձկնորսության, սննդի անվտանգության և բնության նախարարության կենսաբազմազանության հարցերով գլխավոր տնօրեն Մարկ Ռոսկամ Աբինգի հետ:

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ներկայացրել է ՀՀ առաջնայնությունները և մոտեցումները՝ 2026թ. Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) և դրա արդյունավետ անցկացման հարցում:  

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է համաժողովի առանցքային դերը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հանձնառությունների առաջին գլոբալ վերանայման համար և այս համատեքստում կարևորել է բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերի համադրումը: Շեշտվել է, որ COP17-ի օրակարգում են լինելու ռեսուրսների մոբիլիզացման, Կոնվենցիայի կայուն ֆինանսական մեխանիզմի ձևավորման հարցերը, ինչպես նաև կենսաբազմազանությանն առնչվող որոշումների կայացման հարցերում բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների լիարժեք ներգրավվածության ապահովումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Համաժողովի շրջանակներում Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության հեռանկարների վերաբերյալ:

Վահան Կոստանյանը կարևորել է Կալիի հիմնադրամին ֆինանսական հատկացումների ապահովումը: 

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են երկու երկրների միջև բարձր մակարդակով տարվող ակտիվ և շարունակական քաղաքական երկխոսությունը, ռազմավարական կարևորություն ունեցող ուղղություններով արդյունավետ և զարգացող համագործակցությունը, ինչպես նաև ոլորտային փոխգործակցության ընդլայնման հեռանկարները։

Տպել էջը