ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի 2026-2030 թվականների ծրագրային փաստաթղթի պաշտոնական շնորհանդեսին
13 հոկտեմբերի, 2025Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ)՝ Հայաստանի 2026-2030 թթ. Երկրի ծրագրային փաստաթղթի պաշտոնական շնորհանդեսին։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր խոսքում նշել է, որ Երկրի ծրագրային նոր փաստաթղթի ընդունումը խորհրդանշում է Հայաստանի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցության մի նոր՝ խոստումնալից փուլ: Այս համատեքստում կարևորել է, որ փաստաթուղթը լիովին համահունչ է ՀՀ կառավարության քաղաքականությանն ու ռազմավարություններին, ինչպես նաև Հայաստանի` ՄԱԿ-ի կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթղթի առաջնահերթություններին:
ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է Երկրի ծրագրային փաստաթղթի հիմնական ուղղություններին՝ նշելով, որ դրանք արտացոլում են Հայաստանի տեսլականը՝ ուղղված մարդկային ռեսուրսների զարգացմանը, կանանց ու երիտասարդների ներուժի իրացմանը, ինչպես նաև նրանց հավասար և բովանդակային մասնակցության ապահովմանը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Հատկապես կարևորել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ մշակված Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040թթ. ռազմավարության արդյունավետ իրականացումը, որը պետք է դառնա առաջիկա հինգ տարիների գլխավոր առաջնահերթություններից մեկը: