ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի մասնակցությունը «Ազատություն առցանց կոալիցիայի» նախարարական հանդիպմանը

10 հոկտեմբերի, 2025

Հոկտեմբերի 9-ին, Տալլինի թվային գագաթնաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Ազատություն առցանց կոալիցիայի» նախարարական հանդիպմանը:

Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ողջունել է «Ազատություն առցանց կոալիցիա»-ի շրջանակում «Իրավունքները հարգող թվային հանրային ենթակառուցվածքների սկզբունքներ» նախաձեռնությունը՝ ընգծելով դրա արդիականությունը: Այս համատեքստում շեշտել է, որ մարդու իրավունքների միջազգային սկզբունքներն ու նորմերը պետք է հավասարապես կիրառելի լինեն թե՛ առցանց, թե՛ ոչ թվային միջավայրում:

ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի ազգային ջանքերը՝ ուղղված համապարփակ և անվտանգ թվային փոխակերպմանն ու թվային ծառայությունների հավասար հասանելիությանը:

Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը՝ խթանելու թվային միջավայրում մարդու իրավունքների պաշտպանությանը, թվային գրագիտության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև ժամանակակից թվային տեխնոլոգիաների մշակման և ներդրման գործում կանանց և աղջիկների  ներգրավվածության ապահովմանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը:

Տպել էջը