ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ
17 սեպտեմբերի, 2025Սեպտեմբերի 17-ին Նիդերլանդներ այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների ԱԳ նախարար Դավիդ Վան Վելի հետ։ Նախարարները քննարկում են ունեցել նախ առանձնազրույցի ձևաչափով, ապա ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:
Արարատ Միրզոյանը և Դավիդ Վան Վելը քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ աշխատանքներն, այդ թվում՝ մարտին երկու երկրների միջև ստորագրված համատեղ հռչակագրի կյանքի կոչման միջոցով։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ակտիվ քաղաքական երկխոսությանը զուգահեռ տնտեսական համագործակցության, գործարար կապերի ընդլայնման հնարավորությունների շուրջ։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել առևտրային կարողությունների զարգացմանն ու եվրոպական շուկա մուտքի ընդլայնման համար Նիդերլանդների աջակցությունը, ինչպես նաև Համաշխարհային բանկի «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի» շրջանակներում ՀՀ-ին հավելյալ ֆինանսական հատկացումը։
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Նիդերլանդների հետ փոխգործակցությանը նաև Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակում։ Այս համատեքստում քննարկվել են ԵՄ առկա գործիքակազմի հետևողական կիրառման միջոցով գործընկերության խորացման, ՀՀ դիմակայունության ամրապնդմանն ուղղված քայլերը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի։
Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին ձեռք բերված կարևորագույն համաձայնությունների կապակցությամբ Նիդերլանդների կողմից արտահայտված դիրքորոշման համար, ներկայացրել է դրանց մանրամասները։