ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարության պետքարտուղարի հետ
02 սեպտեմբերի, 2025Սեպտեմբերի 2-ին «Բլեդ ռազմավարական համաժողովի» շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարության պետքարտուղար Մելիտա Գաբրիչի հետ:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Սլովենիայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակն ու կարևորել շփումների շարունակականության պահպանումն ու խորացումը:
Հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական, ներդրումային, գիտակրթական, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները: Վահան Կոստանյանը բարձր է գնահատել Հայաստանում Սլովենիայի կողմից իրականացվող հումանիտար ծրագրերը։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին՝ այս համատեքստում կարևորելով ԵՄ անդամակցության սլովենական փորձի ուսումնասիրությունը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված պայմանավորվածությունները, ինչպես նաև խաղաղության ինստիտուցիոնալիզացման ուղղությամբ հետագա քայլերի վերաբերյալ Հայաստանի տեսլականը։