Հայաստանի և Պակիստանի ԱԳ նախարարների հանդիպումը

31 օգոստոսի, 2025

Օգոստոսի 31-ին Չինաստանի Թիենծին քաղաքում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Պակիստանի Իսլամական Հանրապետության փոխվարչապետ և ԱԳ նախարար Մոհամմադ Իշաք Դարի հետ։ 

Զրուցակիցները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ կայացված որոշումը և քննարկել երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները։

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերը և այդ համատեքստում ընդգծել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն։ Այս կապակցությամբ Պակիստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Իշաք Դարը շնորհավորել է ՀՀ ԱԳ նախարարին։

Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռքբերված մյուս համաձայնություններին։ 

Հայաստանի և Պակիստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ և ՇՀԿ, փոխգործակցության հարցերի շուրջ։

Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը և Իշաք Դարը ստորագրել են Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկե։ 

 

 
Տպել էջը