ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովը

27 օգոստոսի, 2025

Օգոստոսի 24-27-ը Սյունիքի մարզի Կապան քաղաքում կայացել է ԱԳՆ ղեկավար կազմի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա աշխատաժողովը։

Միջոցառման բացմանն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է այս տարվա՝ հերթական, բայց ՀՀ և տարածաշրջանի համար նոր իրադրության՝ հաստատված խաղաղության պայմաններում անցկացվող աշխատաժողովի առանձնահատկությունը։

Հանդիպմանն ուղերձով հանդես է եկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում հետ կայացել է հանգամանալից քննարկում: Վարչապետը պատասխանել է դեսպաններին հետաքրքրող հարցերին։

Աշխատաժողովին ներկա են եղել նաև կառավարության բարձրաստիճան այլ պաշտոնատար անձինք, ԱԺ պատգամավորներ։

Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքներով ձեռքբերված համաձայնություններին։ 

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան նախաստորագրված համաձայնագրին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է հաստատված խաղաղության կարևորությունը Հայաստանի և տարածաշրջանի համար, ներկայացրել այս նոր իրողության պայմաններում ՀՀ արտաքին քաղաքական տեսլականը, ձևավորված նոր հնարավորություններն ու դրանց իրացման նպատակով իրականացվելիք աշխատանքները։

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղության օրակարգի շարունակական կյանքի կոչումը և ՀՀ քաղաքացիների համար կայուն, անվտանգ ու բարեկեցիկ միջավայրի ապահովումը հանդիսանում է ՀՀ կառավարության, այդ թվում՝ դիվանագիտական ծառայության առաջնային նպատակ։

Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման միջոցով ընձեռնվող հնարավորություններին, միջազգային կապուղիների ընդլայնվող ցանցին ՀՀ արդյունավետ ներգրավածության ապահովմանն ուղղված ջանքերին և այդ նպատակով Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրի կյանքի կոչման ուղղությամբ առաջիկա աշխատանքներին։

Անդրադառնալով արձանագրված հաջողություններին՝ մտքեր են փոխանակվել տարբեր ուղղություններով այդ թվում նաև ռազմավարական գործընկերությունների հետագա զարգացման ուղղությամբ ընթացող աշխատանքների շուրջ։

Աշխատաժողովի երկրորդ օրը տարբեր ուղղություններով քննարկումներ են տեղի ունեցել ԱԳ նախարարի տեղակալների հետ։

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն անդրադարձ է կատարել համակարգման ուղղություններով՝ ամերիկյան երկրներ, Եվրոպա, սահմանակից երկրներ, Մերձավոր Արևելք, գործընկերությունների զարգացման հարցում զարգացումներին, առկա ձեռքբերումներին և ընթացիկ աշխատանքներին։

Նախարարի տեղակալը ներկայացրել է ԱՄՆ հետ երկկողմ ռազմավարական գործընկերության զարգացման նպատակով ստորագրված հուշագրերի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Հանգամանալից անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության, ԵՄ անդամ ու եվրոպական մյուս երկրների հետ երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ առկա նախաձեռնություններին, ինչպես նաև հաջորդ տարի Հայաստանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին առնչվող հարցերի։ 

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Իրանի և Վրաստանի հետ գործընկերության զարգացման օրակարգային հարցերի։  

Մերձավոր Արևելքի երկրների հետ համագործակցության զարգացման համատեքստում մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության համար առաջնահերթ ոլորտներում փոխգործակցության շրջանակի ընդլայնման, տնտեսական բաղադրիչի ամրապնդման ու ներդրումների խրախուսման հնարավորությունների շուրջ։      

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ։ 

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հետ կայացել է քննարկում բազմակողմ համագործակցության հարցերի շուրջ։

Անդրադարձ է կատարվել երկկողմ ձևաչափով և բազմակողմ հարթակներում փոխգործակցության միջև արդյունավետ սիներգիայի ապահովման հարցերին: 

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպություններում ՀՀ համար առաջնահերթությունների առաջմղմանը և առկա իրավիճակում նոր օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները։ 

Մտքեր են փոխանակվել տարբեր ուղղություններով հեռանկարների, նոր նախաձեռնությունների և դրանց իրականացման համար անհրաժեշտ քայլերի վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել 2026 թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացման վերաբերյալ ՀՀ տեսլականին, առաջնահերթություններին և իրականացվող աշխատանքներին:

ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հետքննարկվել են Եվրասիական տարածաշրջանի երկրների հետ համագործակցության հարցեր: Ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել ՀՀ-ՌԴ օրակարգային հարցերի։

Ընդգծվել է ասիական և խաղաղ-օվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ ակտիվ քաղաքական երկխոսությունը, որի շնորհիվ հաջողվել է շոշափելի արդյունքներ ունենալ ռազմավարական բնույթի գործընկերությունների զարգացման ուղղությամբ։ Մտքեր են փոխանակվել առաջիկա շփումների օրակարգի շուրջ, մասնավորապես Չինաստանի, Ճապոնիայի և Հնդկաստանի հետ: Ի թիվս այլ հարթակների, անդրադարձ է կատարվել ՇՀԿ-ին ՀՀ անդամակցության հայտին:  

Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման ներուժի առավել արդյունավետ իրացման նպատակով քննարկվել են Կենտրոնական Ասիայի և հեռավոր Արևելքի երկրների հետ համագործակցության ուղղությամբ բացվող նոր հնարավորությունները։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Ղազախստանի հետ ակտիվ երկխոսությանը։

Նախարարի տեղակալ Սաֆարյանը կարևորել է նաև տնտեսական դիվանագիտության բաղադրիչի ակտիվացումը հատկապես հարավ-արևելյան Ասիայի երկների հետ համարեբերություններում։ 

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային առկա միտումների, փոխշահավետ և ռազմավարական գործընկերությունների զարգացման հեռանկարների շուրջ։

Երրորդ օրը դեսպանաժողովի աշխատանքները շարունակվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ քննարկումով։ Նախարար Խուդաթյանը ներկայացրել է ՀՀ-ում ենթակառուցվածքների ցանցի զարգացմանն ուղղված աշխատանքները՝ ներառյալ ճանապարհների կառուցման, ավիացիայի ոլորտում նոր ուղղությունների ներմուծման մասով։

Դեսպանաժողովի ընթացքում կազմակերպվել է ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների այցելություն Սյունիքում նոր կառուցվող մի քանի ենթակառուցվածքներ։

Մասնավորապես, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ՀՀ դիվանագետներին ներկայացրել է Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի հարավային հատվածում իրականացվող աշխատանքները՝ ներառյալ Ագարակ-Քաջարան ճանապարհահատվածի նոր թունելի և կամուրջների կառուցման ընթացքը։ 

Հայաստան-Իրան սահմանագծին դիվանագետները ծանոթացել են անցակետի ընդլայնման, երկրորդ կամրջի կառուցման ծրագրերին։

Դեսպանաժողովի շրջանակներում հատուկ անդրադարձ է արվել դիվանագիտական ծառայության կատարելագործմանն ու արդիականացմանն ուղղված նախաձեռնություններին:

ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը ներկայացրել է զեկույց նախորդ՝ 2024 թվականի դեսպանաժողովից ի վեր իրականացված աշխատանքների և առաջիկա անելիքների վերաբերյալ։

Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել դիվանագիտական ծառայության կատարելագործման նպատակով իրականացված և ծրագրվող բարեփոխումներին։Ի թիվս այլ նախաձեռնությունների, անդրադարձ է կատարվել «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում և այլ կարգավորումներում առաջարկվող փոփոխություններին։     

Դեսպանաժողովի լուսանկարները հասանելի են հղումով:

Տպել էջը