Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

21 օգոստոսի, 2025

Օգոստոսի 21-ին Երևանում անցկացվել են ՀՀ և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի գլխավորությամբ։

Խորհրդակցությունների ընթացքում կողմերն ընդգծել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերային հարաբերությունների շարունակական խորացումը, կարևորել են Հայաստան-Վրաստան բարձր մակարդակի փոխայցերն ու շփումները։

Անդրադարձ է կատարվել երկկողմ տնտեսական համագործակցությանը, զբոսաշրջության, տրանսպորտի, էներգետիկայի, առևտրի և ներդրումների ոլորտներին առնչվող հարցերի լայն շրջանակի, մշակութային, կրթական կապերի ամրապնդմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը:

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային խաղաղությանն ու համագործակցությանն առնչվող հարցեր, որոնց համատեքստում Վահան Կոստանյանն իր գործընկերոջը տեղեկացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ՀՀ-ի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքների մասին։

Տպել էջը