ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակության հետ
19 հունիսի, 2025Հունիսի 19-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուչիան Մարեկ Պիետժչիկի գլխավորած պատվիրակությանը։
Կողմերը բարձր են գնահատել երկկողմ քաղաքական երկխոսության մակարդակը՝ հավելելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել տնտեսության, ֆինանսների, բարձր տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում կապերի հետագա ընդլայնման համար:
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և ԵՄ անդամ երկրների հետ շարունակական ակտիվ երկխոսությունը, կարևորվել է այս ուղղությամբ Լեհաստանի կողմից ցուցաբերվող աջակցությունը:
Նախարարի տեղակալ Կոստանյանը շնորհակալություն է հայտնել Լեհաստանին ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկին սատարելու համար՝ միևնույն ժամանակ ընդգծելով ՀՀ քաղաքացիներին ԵՄ մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացում ներկայիս խնդիրների հասցեագրման կարևորությունը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք միջազգային և տարածաշրջանային հարցեր։