ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալի հետ
11 հունիսի, 2025Հունիսի 11-ին Պրահայում՝ «Գլոբսեք» համաժողովի աշխատանքների շրջանակում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալ Յան Մարիանին:
Կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության առաջիկա օրակարգի շուրջ՝ առանձնանշելով տնտեսական ոլորտում փոխգործակցության կարևորությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին՝ ընդգծելով այս ուղղությամբ Չեխիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը: Նախարարի տեղակալ Կոստանյանը շնորհակալություն է հայտնել Չեխիային ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկին սատարելու համար՝ միևնույն ժամանակ ընդգծելով ՀՀ քաղաքացիներին ԵՄ մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացում ներկայիս խնդիրների հասցեագրման կարևորությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում ընթացող գործընթացներին: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը չեխ գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացներում առկա իրավիճակը՝ վերահաստատելով հարևանների հետ հարաբերությունների կարգավորման հայկական կողմի քաղաքական կամքը: