ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ Վիորել Գուցուի հետ
02 հունիսի, 2025Հունիսի 2-ին Համբուրգի կայուն զարգացման ամենամյա համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գլխավոր տնօրենի օգնական, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ Վիորել Գուցուի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՊԳԿ-ի միջև առկա համագործակցության ընդլայնման հեռանկները: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Կազմակերպության կողմից Հայաստանում գյուղատնտեսական արտադրողականության ու պարենային անվտանգության բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացումը:
ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի կողմից իրականացվող քայլերը` ուղղված ավելի ներառական սննդի համակարգերի ստեղծմանը և կայուն ներքին մատակարարման ապահովմանը:
Անդրադարձ է կատարվել Հայաստանում հյուրընկալվելիք ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) և դրա շրջանակներում փոխգործակցության հնարավորություններին: