ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը քաղաքականության հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Գայ Ռայդերի հետ

02 հունիսի, 2025

Հունիսի 2-ին Համբուրգի կայուն զարգացման ամենամյա համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է քաղաքականության հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Գայ Ռայդերի հետ:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի «ՄԱԿ80» նախաձեռնության և դրա շրջանակներում հիմնարար բարեփոխումների իրականացման շուրջ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանում ՄԱԿ գրասենյակի հետ արդյունավետ համագործակցությունը և անդրադարձել է 2026-2030թթ. ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթղթի շուրջ տարվող աշխատանքներին ու Հայաստանում ՄԱԿ գործակալությունների կողմից իրականացվող ծրագրերին՝ ուղղված Կայուն զարգացման 2030 օրակարգի իրագործմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) աշխատանքներին:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները՝ վերահաստատելով ՀՀ հանձնառությունը խաղաղության օրակարգին և այս համատեքստում ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի շուտափույթ ստորագրման կարևորությունը:

 

Տպել էջը