ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել «Կլիմայի փոփոխության և բնապահպանական այլ խնդիրների վերաբերյալ տեղեկատվության ամբողջականության խթանում» թեմայով փակ քննարկմանը

27 մայիսի, 2025

Մայիսի 27-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել «Կլիմայի փոփոխության և  բնապահպանական այլ խնդիրների վերաբերյալ տեղեկատվության ամբողջականության խթանում» թեմայով փակ քննարկմանը: 

Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ այս նախաձեռնությունը կարևոր քայլ է՝ միտված գլոբալ բնապահպանական խնդիրների արդյունավետ հասցեագրմանը։ Նշել է, որ 2026թ. Հայաստանում անցկացվելիք COP17 միջոցառմանն ընդառաջ իրականացվող նման նախաձեռնությունը կարևոր է, քանի որ վերջինիս տեսլականում ներառված են շրջակա միջավայրի պաշտպանության խնդիրներում հանրային իրազեկվածության բարձրացումը, թափանցիկության,  ինչպես նաև կլիմայի ու կենսաբազմազանության վերաբերյալ տեղեկատվության ամբողջականության ապահովումը:

ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի հյուրընկալման վերաբերյալ Հայաստանի տեսլականին։ Որպես առաջնահերթություններ, ի թիվս այլոց, ընդգծվել են COP17-ի արդյունավետ և ներառական անցկացումը, Հայաստանի կենսաբազմազանության ժառանգության ներկայացումը, COP16-ի առանցքային որոշումների իրագործմանն ու վերանայմանն ուղղված քայլերը, ինչպես նաև կենսաբազմազանությանն առնչվող ապատեղեկատվության դեմ պայքարը։

Միջոցառումը կազմակերպվել է «Տեղեկատվության և ժողովրդավարության ֆորումի» հետ համատեղ` Հայաստանի և Բրազիլի համանախագահությամբ իրականացվող թեմատիկ աշխատանքային քննարկումների շրջանակներում, որոնք նպատակ ունեն անդրադառնալ շրջակա միջավայրի պաշտպանության տեղեկատվական ոլորտում առկա մարտահրավերներին` 2025թ. Բրազիլում կայանալիք COP30 և 2026թ. Հայաստանում կայանալիք COP17 միջոցառումներին ընդառաջ: 

Քննարկման առանցքում էին կլիմայի փոփոխությանը և կենսաբազմազանությանն առնչվող հավաստի տեղեկատվության մարտահրավերները, ինչպես նաև միջազգային համագործակցության անհրաժեշտությունը՝ ուղղված թափանցիկության ու հանրային վստահության ամրապնդմանը։

Տպել էջը