ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջեյքոբ Մակգիի հետ
26 մայիսի, 2025Մայիսի 26-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջեյքոբ Մակգիի հետ։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ-ԱՄՆ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում համագործակցության հարցերին:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ներկա ընթացքը, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ձեռքբերումներն ու մարտահրավերները: Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը և դիմակայունության բարձրացմանը։
ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի շուտափույթ ստորագրման կարևորությունը։
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է հումանիտար բնույթի հարցերի, մասնավորապես՝ անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման և Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ու պատանդառված քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրի հասցեագրումը։