ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը սենատոր Իվան Սկալֆարոտոյի և Իտալիայի ԱԳՆ Հարավային Կովկասի հարցերով հատուկ բանագնաց Գերարդո Ամադուցցիի հետ

26 մայիսի, 2025

Մայիսի 26-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Իտալիայի Սենատի անդամ Իվան Սկալֆարոտտոյի և Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության Հարավային Կովկասի հարցերով հատուկ բանագնաց Գերարդո Ամադուցցիի հետ։

Հանդիպմանը քննարկվել է երկու երկրների միջև երկկողմ, ինչպես նաև բազմակողմ օրակարգային հարցերի լայն շրջանակ: Ընդգծվել է տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերի կարևորությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են 2026թ. Երևանում հյուրընկալվելիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին և ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Իտալիա խորհրդարանական համագործակցության հարցերի շուրջ: Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերի համատեքստում նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրումը:

Տպել էջը