ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ նորանշանակ դեսպանին

12 մայիսի, 2025

2025 թ. մայիսի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Լի Սինվեյին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ գործընկերության ընդլայնմանն ուղղված քայլերն ու առաջիկա ծրագրերը: «Հայաստանը և Չինաստանն այս պահին գտնվում են հարաբերությունների էական զարգացման փուլում՝ թե՛ բարձր մակարդակում քաղաքական երկխոսության, թե՛ տնտեսական ու այլ ոլորտներում փոխգործակցության առումով, և ես մեծապես կարևորում եմ առկա հնարավորությունների առավելագույնս իրացումը», - ընդգծել է նախարար Միրզոյանը:

Անդրադարձ է կատարվել միջազգային տարբեր հարթակներում փոխգործակցության հարցերի։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Երկուստեք ընդգծվել է ներկայիս՝ անորոշություններով, բայց և միաժամանակ հնարավորություններով լի ժամանակաշրջանում փոխշահավետ գործընկերությունների զարգացման կարևորությունը:

Արարատ Միրզոյանը և Լի Սինվեյը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ցանցի զարգացմանն առնչվող հարցեր, ինչի համատեքստում նշվել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի նկատմամբ ձևավորված հետաքրքրությունը:

Տպել էջը