ՀՀ ԱԳ նախարարի և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի հանդիպումը

13 փետրվարի, 2024

Բրյուսելում ՀՀ-ԵՄ Գործըկերության խորհրդի նիստին ընդառաջ փետրվարի 13-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի առանձնազրույցը։

Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքին, ՀՀ-ում ժողովրդավարական զարգացումներին, ինչպես նաև վերջին շրջանում գործընկերությունը նոր ուղղություններով զարգացնելու նպատակով համատեղ իրականացված քայլերին ու առկա հեռանկարներին։

Քննարկվել են նաև Հարավային Կովկասում անվտանգային հարցեր։

Անդրադարձ է կատարվել նույն օրն առավոտյան Ադրբեջանի կողմից ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքի և ուժի կիրառման դեպքին։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ այս միջադեպը հերթական անգամ ի ցույց է դնում այն, որ Ադրբեջանը սահմանային էսկալացիաներ ծավալելու համար պատրվակեր է փնտրում է և շարունակաբար փորձում վիժեցնել Հարավային Կովկասի կայունությամբ ու անվտանգությամբ շահագրգիռ դերակատարների՝ բանակցությունները վերսկսելու ջանքերը:

Կարևորվել է Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացմանն ուղղված հետագա քայլերի զսպումը։

Տպել էջը