ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված բարձրաստիճան միջոցառմանը

12 դեկտեմբերի, 2023

Դեկտեմբերի 11-12-ը ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Ժնևում մասնակցել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված բարձրաստիճան միջոցառմանը: ՄԱԿ անդամ պետությունները ներկայացրել են իրենց խոստումներն ու հանձնառությունները մարդու իրավունքների և հարակից մի շարք ոլորտներում:

ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում նշել է, որ Հայաստանը կշարունակի իր հանձնառությունը ցեղասպանությունների կանխարգելման գործում, ջանքեր կգործադրի մարդու իրավունքների կոպիտ խախտումների կանխարգելմանն ուղղված միջազգային մեխանիզմներն ու արձագանքներն ամրապնդելու ուղղությամբ:

Հայաստանի պատվիրակության ղեկավարի կողմից նշվել է նաև, որ քայլեր կձեռնարկվեն մարդու իրավունքների ոլորտում պարտավորությունների իրականացման և հաշվետվողականության ազգային մեխանիզմի ներդրման ուղղությամբ:

Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը աջակցել Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման արդյունքում բռնի տեղահանվածների կարիքների հասցեագրմանը և հիմնարար իրավունքների պաշտպանությանը:

Որպես ապագային միտված հանձնառություններ առանձնացվել են ծայրահեղ աղքատության հաղթահարմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև իրավահավասարության մասին օրենքի ընդունումը:

Տպել էջը