ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Ռումինիայի Պատգամավորների պալատի նախագահի հետ

04 ապրիլի, 2023

Ապրիլի 4-ին Բուխարեստում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ռումինիայի Պատգամավորների պալատի նախագահ Իոն-Մարչել Չոլակուի հետ։

Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր: Երկուստեք արժևորվել է Ռումինիայի խորհրդարանում հայկական համայնքի ներկայացվածությունը, ինչպես նաև բարձր է գնահատվել ռումինահայ համայնքի՝ որպես երկու երկրները կապող յուրօրինակ կամրջի դերը: Գոհունակությամբ նշվել է նախօրեին Պարգամավորների պալատում կազմակերպված՝ ռումինահայ գործչին նվիրված ցուցահանդեսը և մշակութային բնույթի միջոցառումների շարունակական անցկացումը, որոնք օբյեկտիվորեն ներկայացնում են երկու ժողովուրդների անցյալը և նախանշում ապագայի հեռանկարները:

Անդրադառնալով Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակին՝ նախարար Միրզոյանը Պատգամավորների պալատի նախագահին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը շեշտել է միջազգային հանրության ներգրավվածության և հստակ քայլերի անհրաժեշտությունը տարածաշրջանում լարվածության հետագա սրման կանխման, կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ ներդրվող ջանքերի հաջողման համար: Նախարարը շեշտել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման հրամայականը և ընդգծել միջազգային իրավունքի նորմերին հետևելու կարևորությունը:

Տպել էջը