Հայաստանի և Բենինի ԱԳ նախարարների հանդիպումը

18 նոյեմբերի, 2022

Նոյեմբերի 18-ին Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 43-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բենինի Հանրապետության ԱԳ նախարար Օրելիեն Ագբենոնսիի հետ։

Կարևորելով երկկողմ շփումների ակտիվացումը՝ զրուցակիցները նշել են, որ Հայաստանի և Բենինի հարաբերություններում առկա ներուժը լիարժեքորեն իրացված չէ: Արարատ Միրզոյանը և Օրելիեն Ագբենոնսին արձանագրել են, որ այս տարի լրանում է Հայաստանի և Բենինի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15-ամյակը՝ հույս հայտնելով, որ այն նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև համագործակցությանը։

Հայաստանի և Բենինի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ ձևաչափում փոխգործակցության ընդլայնման, առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարները։

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային բազմակողմ հարթակներում երկրների փոխգործակցությանը։ Զրուցակիցները բարձր են գնահատել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում երկու երկրների միջև հաստատված համագործակցությունը։ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը կարևորում է աֆրիկյան մայրցամաքի պետությունների հետ տարբեր ուղղություններով հարաբերությունների խորացումը՝ ընդգծելով, որ ՖՄԿ հարթակն այս ուղղությամբ ընձեռում է լայն հնարավորություններ:

Կողմերը  մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Հանդիպման վերջում Արարատ Միրզոյանը և Օրելիեն Ագբենոնսին ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Բենինի Հանրապետության ԱԳ նախարարությունների միջև Քաղաքական և դիվանագիտական խորհրդակցությունների մեխանիզմի հիմնման մասին արձանագրություն։

Տպել էջը