Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

14 նոյեմբերի, 2022

Նոյեմբերի 14-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունեց Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպան Կիպրոս Յորգալիսին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպան Յորգալիսին նշանակման կապակցությամբ՝ ԱԳ նախարարի տեղակալ Հովհաննիսյանը գերազանց գնահատեց հայ-կիպրական միջպետական հարաբերությունները՝ հիմնված երկու եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամության և պատմամշակութային սերտ կապերի վրա։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Յորգալիսը վստահեցրեց, որ կներդնի առավելագույն ջանքերը Հայաստանի և Կիպրոսի միջև օրինակելի համագործակցությունն է՛լ ավելի ընդլայնելու և առաջ մղելու համար:

Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ քաղաքական երկխոսությանը, միջազգային կառույցներում փոխգործակցությանը և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր։

Նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրեց ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և անդրադարձ կատարեց 44-օրյա պատերազմի և ադրբեջանական ագրեսիաների հետևանքով առաջացած մի շարք կարևոր հումանիտար խնդիրներին։

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Տպել էջը