ՀՀ-ԵՄ մարդու իրավունքների շուրջ երկխոսության ամենամյա նիստ

07 նոյեմբերի, 2022

Նոյեմբերի 7-ին Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 12-րդ նիստը:

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը։ Պատվիրակության կազմում էին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։ ԵՄ պատվիրակությունը գլխավորում էր Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության բաժնի ղեկավար Դորոտա Դլուչի-Սուլիգան:

Երկխոսությունը ներառում էր թեմաների լայն շրջանակ, որոնք առնչվում են բոլոր քաղաքացիների, այդ թվում՝ խոցելի իրավիճակում գտնվող անձանց իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությանը և ցանկացած հիմքով խտրականության դրսևորումների դեմ պայքարին՝ նպատակ ունենալով կառուցել առավել ներառական հասարակություն և ավելի գործուն ժողովրդավարություն: Քննարկման թեմաներն առնչվում էին նաև գենդերային հավասարությանը, ընտանեկան բռնության դեմ պայքարին, երեխայի իրավունքներին, աշխատանքային իրավունքներին, կալանավայրերի պայմանների բարելավմանը, ինչպես նաև խոսքի և տեղեկատվության ազատությանը, ատելության խոսքին և ապատեղեկատվության վերացմանը։

Կողմերն անդրադարձել են բազմակողմ հարթակներում, մասնավորապես՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և ԵԽ-ում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ուղղությամբ համագործակցությանը:

Մտքեր են փոխանակվել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արձանագրված դրական զարգացումների, բարելավման ենթակա ուղղությունների, սահմանադրության վերանայման գործընթաց մեկնարկելու Հայաստանի կառավարության նպատակների, ընտրական համակարգի հետագա բարելավման ծրագրերի շուրջ։ ԵՄ-ն հանձնառություն է ստանձնել շարունակել Հայաստանին տրամադրել մարդու իրավունքների առանցքային ոլորտների ուղղությամբ, մասնավորապես՝ ՀԸԳՀ-ի մարդու իրավունքներին առնչվող դրույթների իրագործման նպատակով ֆինանսական և տեխնիկական աջակցությունը:

Հայաստանը տեղեկացրել է նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի կողմից սեպտեմբերին տեղի ունեցած հարձակումների և ազդակիր տարածքներում բնակվող անձանց մարդու իրավունքների առնչությամբ ստեղծված ծանր հետևանքների մասին։

Մամուլի հաղորդագրության ամբողջական տեքստ

Տպել էջը