ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թիվ 1325 բանաձևի՝ Հայաստանի 2022-2024թթ. գործողությունների ազգային երկրորդ ծրագրի շնորհանդեսը

02 նոյեմբերի, 2022

Նոյեմբերի 2–ին ՀՀ ԱԳՆ և Հայաստանում ՄԱԿ գրասենյակը համատեղ կազմակերպել են ՄԱԿ Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թիվ 1325 բանաձևի՝ Հայաստանի 2022-2024 թվականների գործողությունների ազգային երկրորդ ծրագրի շնորհանդեսը։

Հանդիպման սկզբում մասնակիցներին է փոխանցվել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղերձը:

Բացման խոսքով հանդես են եկել ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Փիթրս Յահիան, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը: Հայաստանում ԵՄ գրասենյակի անունից ելույթ է ունեցել նաև Ֆրանկ Հեսսը։

Գործողությունների ազգային ծրագրի շրջանակում տարվող աշխատանքների, նպատակների ու կարևորության վերաբերյալ ելույթներով միջոցառմանը հանդես են եկել ՄԱԿ Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անդամներն ու ՏԻՄ ներկայացուցիչները:

Ի թիվս այլ հարցերի, զեկուցողներն անդրադարձել են ադրբեջանական ագրեսիաների հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին և կանանց վրա դրանց ազդեցությանն առնչվող հարցերին։

Միջոցառումն ամփոփել է ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը մշտապես առաջնահերթ է համարում ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի իրականացումն ու դրա դրույթների տեղայնացումը:

Տպել էջը