ԱՊՀ անդամ երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցությունների վերաբերյալ

16 նոյեմբերի, 2021

Նոյեմբերի 16–ին առցանց ձևաչափով տեղի են ունեցել խորհրդակցություններ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև՝ «ԱՊՀ մասնակից-պետությունների ԵԱՀԿ-ում համագործակցության, ինչպես նաև ԵՄ, ՆԱՏՕ և այլ բազմակողմ եվրոպական կազմակերպությունների հետ փոխգործակցության մասին» թեմայով: Հեռավար քննարկումը նախագահում էր Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության համաեվրոպական համագործակցության վարչության պետ Նիկոլայ Կոբրինեցը։ Հայաստանի կողմից ելույթներով հանդես եկան ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը և Միջազգային անվտանգության վարչության պետ Գեորգի Քոչարյանը:

Գեորգի Քոչարյանը ներկայացրեց ԵԱՀԿ երեք հարթություններում, ինչպես նաև՝ Ստոկհոլմում կայանալիք նախարարական խորհրդի շրջանակներում Հայաստանի առաջնայնությունները և մոտեցումները: Ներկայացվեց նաև Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերը, խաղաղապահ առաքելություններում հայ զինվորականների մասնակցությունը:

Տիգրան Սամվելյանն անդրադարձավ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների միջև գործընկերային հարաբերություններին, ինչպես նաև՝ Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցության երկկողմ և բազմակողմ ձևաչափերին, այն է՝ համագործակցությանը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին նիստի արդյունքում ընդունվելիք համատեղ հռչակագիրը քննարկել գրավոր ընթացակարգով:

Տպել էջը